Մենք այսօր քաղում ենք ՀԱՊԿ վարկանիշը նսեմացնող մեր իսկ քայլի՝ գլխավոր քարտուղարի հետկանչի հետևանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք այսօր քաղում ենք ՀԱՊԿ վարկանիշը նսեմացնող մեր իսկ քայլի՝ գլխավոր քարտուղարի հետկանչի հետևանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Տավուշում պատերազմի բոլոր դրվագները կային, թեև դիմակայությունը լոկալ էր, և թշնամական հրետանին խոցում էր նաև մեր քաղաքացիական բնակչությանը. այս ընթացքում Ադրբեջանն օգտագործեց մի շարք միջազգային հարթակներ՝ ՎՈՒԱՄ, Չմիավորված երկրների շարժում, Իսլամական կոնֆերանսի կազմակերպություն, ընդդեմ Հայաստանի հայտարարություններ կորզելու նպատակով, թեև դրանց էական նշանակություն չարժե տալ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Աշխարհը չի ուզում մի կողմին առաջնահերթություն տալ, մյուսին՝ քննադատել: Հայաստանը պետք է հասկանա՝ ով է յուրային, ինչ բանաձևով աշխատել նրանց հետ. պետք է ձեռք բերել նաև նոր գործընկերներ, հասկանալ՝ ովքեր են մեր մրցակիցները: Օրինակ, Վրաստանի և Իրանի հարցում ունենք անհասկանալիության տարրեր, երբ մեր որոշ պաշտոնյաներ արել են անտեղի հայտարարություններ»,– ասել է քաղաքագետը:

Ըստ Ղևոնդյանի՝ մեր տեղեկատվական քաղաքականության քարոզչական տարրը վերջին տարիներին զգալիորեն թուլացել է, երբեմն ուղղակի բացակայում է, և պետք է ընկալում ձևավորել, որ հակամարտությունն իրականում ոչ թե հայ-ադրբեջանական է, այլ արցախա-ադրբեջանական. «Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում պետք է լինի անվտանգության համակշռող, ոչ թե երաշխավոր: Դա կարող է դրսևորվել թե՛ Իրան-Ադրբեջան, թե՛ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների առանցքում: Եթե Ադրբեջանն ավելացնում է իր ռազմատեխնիկական տարրը, մենք պետք է դրան համադրելի քայլեր ձեռնարկենք»:

Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիան 1990-ականներին երկու անգամ փորձել է «զբոսանք կազմակերպել» Արարատյան դաշտում, բայց հանդիպել է ռուսական կողմի կոշտ դիմադրությանը. «Ռուսաստանի համար որևէ կերպ ընդունելի չէ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացումը: Այն պնդումը, թե իբր Սիրիայի թուրք վարձկաններն ուղարկվել են Ադրբեջան՝ կռվելու տավուշյան ուղղությամբ, քարոզչական թեզ է: Հյուսիսային Կովկասի հարավային սահմանների մոտ նման երևույթը Ռուսաստանի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է»:

Ալեն Ղևոնդյանի պնդմամբ՝ Նախիջևանում Թուրքիայի ակտիվացումը բերելու է Ռուսաստանի կոշտ հակազդեցության, քանի որ Մոսկվայի համար հարավկովկասյան տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխումն անընդունելի է. «Թուրքիան երբեմն անգամ ինքնավար շփում ունի Նախիջևանի իշխանությունների հետ: Նախիջևանն ունի ինքնուրույն համազորային բանակ, և միգուցե ինչ-որ իրավիճակում այն դառնա առանձին գործոն՝ ընդհուպ հենց թուրք-ադրբեջանական հարաբերություններում»:

Քաղաքագետի պնդմամբ՝ տարիներ շարունակ «Ո՞ւր է ՀԱՊԿ-ն» ասողներն այսօր իշխանության են և նույն բանն են ասում, ու դա կարող է միայն ժպիտ առաջացնել. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավական գործընթացը չէր կարելի նման կերպ իրականացնել՝ կազմակերպության վարկանիշի ռիսկի նվազմամբ, մենք այսօր դրա հետևանքներն ենք քաղում: Սա պետք է հետևությունների տեղիք տա, որ հաջորդ նմանօրինակ վիճակում առավել շրջահայաց լինենք: Հայաստանը պետք է պատերազմի միջոցով խաղաղություն պարտադրի. մեր նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ հաղթանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում