Պատերազմ և աշխարհաքաղաքականություն։ Ովքե՞ր են տնօրինում Հայաստանի ճակատագիրը

Պատերազմ և աշխարհաքաղաքականություն։ Ովքե՞ր են տնօրինում Հայաստանի ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.amՀուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանում սկսված ռազմական գործողությունները կրկին վեր հանեցին մի շարք կարևոր իրողություններ, որոնց մասին հայ հանրությունը վերջին շրջանում կարծես մոռացել էր։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական հակամարտությանը և տարբեր տերությունների շահերին, որոնց ակտիվ դրսևորումները երկար ժամանակ զսպվում էին այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Սև ծովի ավազանում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներով։ Սա հետաքրքիր մի իրողություն էր, երբ, ըստ էության, չափազանց լոկալ նշանակության մարտական գործողությունները գնահատվեցին ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, այլև շատ ավելի մեծ՝ ռուս-թուրքական աշխարհաքաղաքական մրցակցության կոնտեքստում։ Ընդ որում, հիշատակված երկու կոնտեքստները, իհարկե, ունեն բազում շերտեր. օրինակ՝ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Արցախի խնդրի լուծում և այլն, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած կարող է լայնամասշտաբ պատերազմի առիթ դառնալ։ Թերևս սրանով է պայմանավորված իրավիճակի նրբությունն ու դրանից բխող ռիսկերի չափազանց մեծ քանակը։

Եկեք դեռ մի կողմ դնենք հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումների փաստն ու դրանց արդյունքները։ Աշխարհաքաղաքականության տեսանկյունից այս դեպքում կարևորը ոչ թե սահմանում տեղի ունեցած իրադարձություններն են, այլ դրանց մեկնաբանումը հակամարտող կողմերի ու տարածաշրջանում շահ հետապնդող երկրների կողմից։ Առաջինը, որ աչքի է զարնվում այդ մեկնաբանություններում, դա ադրբեջանական կողմի տարածած այն թեզն է, իբրև զբաղեցրած նոր բարձունքը թույլ է տալիս Հայաստանին վերահսկողություն սահմանել իրենց ստրատեգիական կոմունիկացիաների՝ նավթա և գազամուղերի, ինչպես նաև երկաթգծի վրա։ Ադրբեջանամետ փորձագետները աշխարհի տարբեր երկրներում սկսեցին գոռալ այն մասին, իբրև Հայաստանը այլ ելք չի թողնում Ադրբեջանին, քան պատերազմը, որովհետև հակառակ պարագայում պաշտոնական Երևանը միշտ կարող է սպառնալ Ադրբեջանի տնտեսական անվտանգությանը՝ ցանկացած պահի վնասելով հակառակորդի էներգետիկ ենթակառուցվածքը։ Որպես այդ թեզի շարունակություն շատ խոսվեց նաև այն մասին, որ այդկերպ Հայաստանը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

Տեղեկատվական բավական խառնիճաղանջ հոսքերի մեջ պաշտոնական Երևանը կարողացել է տեսնել և անգամ արձագանքել հակառակորդի այս քարոզչական թեզին՝ պնդելով, որ առանց նոր բարձունքի էլ մենք կարողանում էինք դիտարկել, հետևաբար նաև վերահսկել ադրբեջանական ստրատեգիկ ենթակառուցվածքները։ Եվ դա բացարձակ ճշմարտություն է. ես ինքս եմ առիթ ունեցել ՀՀ տարբեր մարտական դիրքերից տեսնել, օրինակ, Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Բայց, դատելով ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթից, պաշտոնական Երևանը չի կարողացել լիարժեք ըմբռնել թշնամու նման քարոզչության իրական նպատակը։ Որովհետև Փաշինյանը խոսում էր այն մասին, որ այդկերպ Ադրբեջանը փորձում է Հայաստանը մատուցել զուտ որպես «գլոբալ սպառնալիք» ներկայացնող երկիր։ Մինչդեռ թշնամու ճամբարի իրականը նպատակը միանգամայն այլ է՝ հիմքեր ստեղծել Թուրքիայի տարածաշրջանային զարգացումներին միջամտելու համար։ Եվ այս քաղաքականությունը թուրք-ադրբեջանական դաշինքը դեռ շարունակելու է։ Նման «ընկալման» մեջ անցած օրերի ռազմական գործողություններում Թուրքիան գրեթե Ադրբեջանի չափ տուժած կողմ է։ Դրանով են բացատրվում նաև Թուրքիայի իշխանությունների ամենաբարձր պաշտոնյաների չափազանց ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները։

Երկրորդ կարևոր խնդիրը, որ այս ընթացքում փորձեց լուծել թուրք-ադրբեջանական դաշինքը, Ապրիլյան պատերազմի պես իրադարձությունները մշտապես հնարավոր, անգամ սովորական դարձնելն է։ Այդ է պատճառը, որ անցած օրերի ռազմական գործողությունները, որոնք իրենց մասշտաբներով հեռու էին Ապրիլյանից, այնուամենայնիվ սկսեցին համեմատվել չորս տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հետ։ Սա արդեն մարտավարական հնարք է, որը պիտի թույլ տա Ալիևի վարչակազմին հետագայում նման գործողությունների միջոցով փորձել ազդել տարածաշրջանի ռազմական և նույնիսկ աշխարհաքաղաքական իրադրության վրա։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը, համոզված չլինելով այս պահին պատերազմի միջոցով իր խնդիրները լուծելելու կարողության մեջ, այնուամենայնիվ, հնարավորությունների պատուհան է բացում, որպեսզի հետագայում՝ ռազմական և աշխարհաքաղաքական այլ հաշվարկների պարագայում, միշտ իր զինանոցում ունենա նաև լայնամասշտաբ պատերազմի տարբերակը։

Բոլոր հաշվարկներն աշխարհաքաղաքական են։ Եվ սա մի իրողություն է, որ երբեք չի կարելի մոռանալ։ Այս օրերին տարածաշրջանային և մեր տարածաշրջանում շահ հետապնդող երկրների ղեկավարներն ակտիվ քննարկում են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարրձությունները, դիրքորոշումներ հստակեցնում, փորձում դաշնակիցներ գտնել և/կամ զսպել հակառակորդի ախորժակը։ Այս գործընթացներից դուրս է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի կողմից ՀՀ հանդեպ հերթական ագրեսիայի փաստից մինչ օրս Փաշինյանն այլ երկրների ղեկավարներից շփվել է միայն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, այն էլ՝ մամուլի առջև հնչեցրած իր խոսքում մոռանալով հիշատակել երկրի սահմանում ընթացող պատերազմի փաստը։ Իսկ այդ ագրեսիայից արդեն գրեթե տաս օր է անցել։

Ո՞րն է պաշտոնական Երևանի հաշվարկը։ Անկեղծ ասած՝ այս հարցին դժվար է պատասխանել։ Ցավոք, երկրի ղեկավարությունն ամեն ինչ տեսնում է բացառապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լույսի ներքո, չի պատկերացնում այդ հակամարտության իրական մասշտաբները և, ըստ այդմ, հնարավոր աշխարհաքաղաքական վերափոխումներում մեր երկրի շահերն ու անվտանգությունն ապահովելուն ուղղված որևէ գործնական քայլ չի անում։ Եվ սա լուրջ խնդիր է։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ հայկական դիվանագիտության բացակայությունը տարածաշրջանային խնդիրների քննարկումներում ակտվիորեն օգտագործվում է ոչ միայն մեր թշնամի, այլև բարեկամ երկրների կողմից։ Այս օրերին մեր ճակատագիրը որոշվում է առանց մեր մասնակցության։ Եվ դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե տավուշյան այդ լոկալ մարտերը, օրինակ, Ռուսաստանի կողմից չընկալվեին Թուրքիայի՝ մեր տարածաշրջան ներթափանցելու քաղաքականության ենթատեքստում։ Այնժամ, հնարավոր է, ամեն ինչ շատ ավելի վատ դասավորվեր Հայաստանի համար։ Օրինակ՝ աշխատեր Արցախի դեմ ադրբեջանցիների հարձակումն արտոնելու և որոշակի հաջողությունների հասնելու գնով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության սցենարը։ Կարծում եք՝ անհավանակա՞ն սցենար է։ Վստահեցնում եմ, որ՝ ոչ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Մանավանդ հիմա, երբ Ռուսաստանում շատ արմատավորված վստահություն կա առ այն, որ վերջին տարիներին Հայաստանը վերածվել է հակառուսական տրամադրությունների պլացդարմի։

Ինչպես տեսնում եք՝ տարածաշրջանի ապագայի հետ կապված շատ սցենարներ կան։ Ընդ որում, ժամանակ առ ժամանակ դրանք կյանքի կոչելու փորձեր էլ են լինում։ Հայաստանի հյուսիս արևելյան սահմաններում տեղի ունեցած զարգացումներն ու դրանց արձագանքներն էլ նման մի փորձ էին։ Դեռևս անհաջող։ Բայց որքա՞ն կարելի է հաջողությանը ապավինել։ Ի վերջո, ե՞րբ պիտի պաշտոնական Երևանը սկսի քաղաքականությամբ զբաղվել։ Իսկ հայ ժողովո՞ւրդը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում