Միջազգային հանրության պատշաճ արձագանք չեղավ. Տ․ Աբրահամյան

Միջազգային հանրության պատշաճ արձագանք չեղավ. Տ․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Սահմանին տիրող իրավիճակի հետ կապված սա այն փուլն է, որ մենք կարիք ունենք բավականին մեծ թափով մեր դաշնակից, տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող պետությունների և ակտիվություն դրսևորող կառույցների, կազմակերպությունների միջոցով քայլեր ձեռնարկելու, որ իրավիճակը ինչքան հնարավոր է շուտ լիցքաթափվի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի ագրեսիայից 10 օր է անցել, ի՞նչ է այս ընթացքում արել քաղաքական իշխանությունը, երկրի վարչապետը՝ խնդրի մասով:

«Այն, ինչ իրականացվում է մեր քաղաքական իշխանության կողմից, այս պահին ինձ համար նկատելի չէ, միգուցե ինչ-որ փուլում դրանք նկատելի կլինեն լայն հանրության համար, շատ բան կախված է, թե հետագա զարգացումները կոնկրետ Տավուշի հետ կապված ինչպիսին կլինեն կամ ինչ դրսևորում կունենան, ըստ այդմ էլ կկարողանանք ճշգրիտ գնահատական տալ քաղաքական իշխանության գործադրած ջանքերի մասին: Պետք է նկատի ունենալ, որ արվող աշխատանքի մի մասը երևացող գործընթացներ չեն, բայց որոշ ժամանակ կպահանջվի շատ ավելի ռեալ հասկանալու, թե քաղաքական իշխանությունն այս գործընթացում ինչ է արել, ինչ չի արել և այդ չանելու արդյունքում մենք ինչ հետևանքներ ենք ունեցել, այս պահին դժվար է ամբողջական գնահատկան տալ»,- ասաց նա:

Աբրահամյանն ընդգծեց, որ շատ բան կախված է, թե տավուշյան այս զարգացումներն ինչ վերջնական հանգուցալուծում կունենան. «Շատ բան կախված է նրանից, թե արդյոք Ադրբեջանը կվերադառնա բանակցությունների սեղան, Ադրբեջանն ինչպես իրեն կդրսևորի սահմանին՝ լինի Տավուշում, Արցախում կամ Նախիջևանի ուղղությամբ: Սա ենթադրում է բավականին մեծ աշխատանք թե՛ միջնորդ երկրների, թե՛ մեր դաշնակից երկրների և թե տարբեր միջազգային կառույցների հետ:

Բացի այդ, Ադրբեջանից բացի կա նաև Թուրքիայի գործոնը, որովհետև այս գործընթացում բավականին ակտիվ է նաև Թուրքիան, որն ուղղակի և անուղղակի սպառնալիք է ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծեց նա:

Վերջինս նկատեց, որ երբ խոսում ենք քաղաքական իշխանության ջանքերի մասին, դրա մի մեծ մասը կապված է Թուրքիայից եկող այդ սպառնալիքների չեզոքացման հետ, դրա համար էլ որոշակի ժամանակ է պետք:

«Այն, որ Տավուշում իրադարձությունները հուլիսի 12-ին ռազմական գործողությունների վերածվեցին, արդեն իսկ մեծ թվով հարցադրումներ է առաջացնում՝ կապված այն բանի հետ, որ վերջին երկու տարում անընդհատ փորձ էր արվում հանրությանը դրական ազդանշաններ հղել առ այն, որ իրավիճակը գնում է դրական դինամիկայով, հրադադարի խախտման ռեժիմները նվազել են և այլն, բայց ստացվեց, որ երկու տարվա մեջ էական ինչ-որ գործընթաց տեղի չէր ունեցել:

Ադրբեջանն, ըստ էության, իր նույն իմիտացիոն քաղաքականությունը շարունակում էր, իրավիճակը հանդարտեցնել և ինչ-որ պահի սահմաններից մեկի՝ այս դեպքում Տավուշի ուղղությամբ հարված հասցնել: Այսինքն, ստացվում է՝ այդ երկու տարվա աշխատանքը, որ իրականացվել է, արդյունավետ չի եղել և արդյունքում ունեցանք տավուշյան զարգացումները»,- շեշտեց նա:

Հարցին՝ միջազգային արձագանքի մասով տարվող իշխանության, մեր դիվանագիտության աշխատանքները բավարար համարո՞ւմ է, Աբրահամյանը պատասխանեց, որ բավարար չի համարում: «Դրանք հիմնականում եղել են անհասցե կամ եղել են երկու կողմերին ուղղված ընդհանուր բնույթի հայտարարություններ: Ադրբեջանի այն հայտարարությունները, որոնք հնչում էին դեռևս մեկ-երկու ամիս առաջ, տասն օր առաջ, այն մասին էին, որ իրավիճակը գնում է փակուղի: Սա ևս ցույց է տալիս, որ միջնորդ երկրները էական ջանքեր չեն գործադրել ոչ միայն իրավիճակը փակուղի չտանելու ուղղությամբ կամ թույլ չտալու, որ այն փակուղի գնա, այլ առհասարակ էական ազդեցություն չեն ունեցել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասով»,- ասաց նա:

Նա նշեց, որ միջազգային կառույցների պատշաճ հայտարարությունները չպետք է պայմանավորված լինեին միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա հարձակումով. «Դա մեկ-երկու օրվա աշխատանքով չի լինում, դու պետք է մինչ այդ ունենայիր տարբեր երկրների, կառույցների հետ տարված էֆեկտիվ, ամենօրա աշխատանք, որը նմանատիպ իրավիճակներում պետք է բերեր շատ ավելի ընդգծված, Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարությունների, միջազգային ճնշումների Արդբեջանի նկատմամբ և պետք էր որոշակի զսպող դերակատարություն կատարեր, սակայն այդ հայտարարությունները, այն արձագանքները, որոնք մենք ունեցանք այս օրերի ընթացքում, ճնշող որևէ գործոն չեն համարվում»,- ասաց նա:

Իսկ, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս օրերին վարչապետը հայտարարություններով, հանրության հետ երկխոսությունով հանդես չեկավ, նա նշեց. «Միգուցե նրա համար է, որ զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են և անհրաժեշտություն չի լինում հանրությանը ուղերձներ հղելու, այսինքն՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը էֆեկտիվ լուծելու ձևով իրենց ուղերձները հանրությանը հասցնում են, միգուցե վարչապետը նպատակահարմար չի համարում լրացուցիչ հանրությանը հետ ինչ-որ ձևով խոսելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում