Ռուստամ Բադասյանն ասաց, թե ովքեր կարող են լինել Սահմանադրական դատարանի դատավորներ

Ռուստամ Բադասյանն ասաց, թե ովքեր կարող են լինել Սահմանադրական դատարանի դատավորներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amՍահմանադրական մարմիններն արդեն մոտ ապագայում պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով ՍԴ դատավորների մասին, ովքեր պետք է փոխարինեն Ազգային ժողովի որոշմամբ Սահմանադրական դատարանից հեռացված դատավորներին:

Հարցին՝ չի կարծում արդյո՞ք ինքը, որ Սահմանադրական դատարանում իրական ճգնաժամը հիմա է, քանի որ նիստեր չեն լինում, որոշումներ չեն կայացվում, նախարարը նշել է, որ իրավիճակն առաջացել է, քանի որ ՍԴ երկու դատավոր արձակուրդ են գնացել. «Արձակուրդ չգնալու դեպքում, ՍԴ-ում քվորում ապահովելը հնարավոր կլիներ»:

Նախարարի խոսքերով, ամեն տարի արձակուրդային ժամանակահատված է եղել ՍԴ-ում. «Ոչ մի խնդիր չի առաջանա, առաջադրումները շուտով կկատարվեն: Ես ստեղծված իրավիճակը ճգնաժամ չէի անվանի, իսկ խնդրահարույց իրավիճակն առաջացել է, քանի որ 2 դատավորներ արձակուրդ են գնացել»:

Հարցին՝ ունի արդյո՞ք կառավարությունը թեկնածու (մյուս երկուսին պետք է առաջադրեն նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը), նախարար Բադասյանն ասել է՝ երբ հարցը լինի կառավարության նիստում, հանրությունը կտեսնի, որ կառավարությունը թեկնածու ունի արդեն. «Քանի դեռ հարցը չկա օրակարգում, նշանակում է, որ կառավարությունը չունի»:

Թեկնածուները պետք է լինեն հնարավորինս ապաքաղաքական ու կարողանան ապահովել դատական իշխանության անկախությունը:

Արդյո՞ք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է, Բադասյանը չի պատասխանել. «Ես կարող եմ ասել սկզբունքը, որի մասին արդեն ասացի: Երբ կառավարության նիստի օրակագում հարցը լինի, կարձանագրվի, որ կառավարությունն ունի թեկնածու: Դա կլինի առաջիկայում, քանի որ կառավարությունն առաջին մարմինն է, որը պետք է առաջադրումը կատարի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում