Գրավոր դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, պատասխանը վաղն ենք ստանալու. Արման Թաթոյան

Գրավոր դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, պատասխանը վաղն ենք ստանալու. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amԻմ տղան 4-րդ հայտով քաղաքագիտությունն է նշել, այդ մասնագիտությամբ 5 հոգի 7,5 միավորով ընդունվել են, տղաս 15,75-ով չի ընդունվել, նույնիսկ 18,75 հավաքած դիմորդը չի ընդունվել, դա խելամիտ չէ: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՈՒՀ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

«Մենք մի քանի օր է պայքարում ենք, որ արդարություն լինի: Մենք լուծումներ էլ ենք առաջարկում, միայն չենք պահանջում խնդիրը լուծել: Մեր առաջարկը հետևյալն է՝ ԿԳՆ-ն ԲՈւՀ-երում լրացուցիչ տեղեր հատկացնի, մենք ցանկանում ենք բոլոր դրական գնահատական ստացածների համար, բայց եթե դա հնարավոր չէ, գոնե 11 և բարձր գնահատական ստացողների համար, ընդունենք, առաջին հայտը դնենք մի կողմ, ապա գոնե երկրորդից մինչև 4-րդ հայտ-ով ընտրված մասնագիտություններով տեղեր ավելացնել: Դրանով շահում են բոլորը, բուհը, դիմորդը նաև պետությունը»,– ասաց նա:

Նա նշեց, որ եթե մեր պետությանը ի սկզբանե այդ քանակի բուհ ընդունվողների անհրաժեշտություն չկար, ապա կարող են այդ հարցին էլ լուծում տալ՝ առաջին կիսամյակի քննությունների ժամանակ, ովքեր ավելացված տեղերով մասնագիտություններում վատ առաջադիմություն կունենան, կարող են խիստ մոտեցում ցուցաբերել և այդ ուսանողներին դուրս թողնել: «Այստեղ կարևորն այն է, որ արդարությունը վերականգնվի, բարձր գնահատական հավաքած դիմորդը կարողանա ուսանող դառնալ: Նրանք տարիներով աշխատել են, որ բարձր գնահատական ստանան, ու ինչ-որ պաշտոնյայի անփույթ գործունեության պատճառով երեխան հիասթափություն է ապրում»,- նշեց նա:

Ըստ ծնողի՝ նախարարությունը այս հարցին լուրջ չի մոտենում և չեն ուզում որևէ փոփոխություն կատարել:

Արման Թաթոյանն էլ նշեց, որ խնդրին ծանոթ է և խնդիրը լիարժեք հասկանալի է: «Մենք ուսումնասիրել ենք և դեռ մինչև ձեր կողմից մեզ դիմելը, խնդիրը մեր ուշադրության ներքո էր: Երեկ 55 քաղաքաքացի դիմել էր, բացի դրանից ունենք 13 անհատական բողոք, որտեղ ընդունելության հետ կապված տարբեր հարցեր են բարձրացված: Ես խոսել եմ ԿԳՄՍ նախարարի հետ, հարցը քննարկվում է: Երեկ պաշտոնական նամակ եմ հասցեագրել, այն հարցերն ենք բարձրաձայնել, որոնք դուք էիք առաջ քաշել: Մենք այս փուլում ձենռպահ ենք մնացել առաջարկ ներկայացնելուց, ներկայացրել ենք ձեր առաջարկները և հրապարակային մտահոգությունները, պարզաբանումների հարց ենք դրել, նաև նախարարության դիրքրոշումն ենք պահանջել՝ որպես իրավասու մարմին»,– ասաց նա:

Թաթոյանը նշեց, որ դրանից հետո նախարարի հետ էլի է խոսել, վաղը կունենան պատասխանը, ինչից հետո նոր միայն ՄԻՊ-ը կկարողանա գնահատականներ և եզրահանգումներ տալ:

Ծնողներից մեկն էլ ասաց, որ այն կառույցի նկատմամբ, ումից պատասխան է սպասում ՄԻՊ-ը, իրենք վստահություն չունեն, ուստի այստեղից դուրս գալուց հետո շարունակելու են իրենց ակցիան ու չեն սպասելու վաղվան:

Թաթոյանն էլ ասաց, որ իր ասածները որևէ կերպ չեն նշանակում, որ խոսքն ակցիա չանելու մասին է, և որ ինքը միայն պարզաբանեց ՄԻՊ մասով ընթացակարգը:

Դիմորդների ծնողների ներկայացուցիչն էլ ասաց, որ տվյալ գերատեսչությունը աշխատում է կամայականության սկզբունքով, ու կարող են ցանկացած հարց ենթարկել մանիպուլացիայի, երեխաները ոչ մի բանով մեղավոր չեն, որ դուրս են մնացել, պարզաբանումը, իրազեկումը ճիշտ չի եղել: Երեխաները ճիշտ կողմնորոշվել են, թյուրիմացությունն իրենց կողմից է եղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԻՊ-ի գրասենյակից մոտից շարժվեցին ԿԳՄՍ նախարարություն, որտեղ պահանջելու են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում