Թուրքիան Ադրբեջանին մղում է Հայաստանի հետ պատերազմի․ ռուս թուրքագետ

Թուրքիան Ադրբեջանին մղում է Հայաստանի հետ պատերազմի․ ռուս թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amԹուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, հատկապես հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրման ժամանակ, մատնանշում է, որ Անկարան Բաքվին պատերազմի է մղում։ Այս մասին Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած «միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի գաղափարական-արժեհամակարգային գործոնը և հետկովիդյան գլոբալ գործընթացները» թեմայով առցանց դասախոսության ընթացքում ասաց ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովը, գրում է eadaily.com-ը։

«Թուրքիայի դիրքորոշումն այստեղ պարզ է։ Այդ երկիրը Ադրբեջանին մղում է պատերազմի։ Թուրքիան մի քանի անգամ արդեն իսկ հայտարարել է, որ տարածաշրջանում ցանկացած զարգացումների դեպքում լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս և այլ հայտարարություններով նա Ադրբեջանին դրդում էր պատերազմի՝ բառիս լայն իմաստով»,- ասել է Ավատկովը՝ պատասխանելով «Վերելք» լրատվական-վերլուծական կենտրոնի թղթակցի հարցին։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի խնդիրներից մեկը թյուրքական աշխարհում իր ազդեցության ամրապնդումն է և այս առումով տարածաշրջանի ապակայունացումը նա դիտարկում է որպես շանս, որը Թուրքիայի կարծիքով, կհանգեցնի թյուրքական աշխարհի հետ ավելի ուժեղ կապերի ձևավորմանը։

«Հարավային Կովկասում Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակների իրականացմանը հիմնականում խանգարում է Ռուսաստանը»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի կայունացնող դեր խաղալ և թույլ չի տա մեծ բախումներ։

Նրա խոսքով՝ «թեև շատ հայ գործիչներ հայհոյում են Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևին, նա, ի տարբերություն Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի, այդքան էլ ագրեսիվ դիրքորոշում չունի»՝ հավելելով, որ «Ալիևի կապերը Մոսկվայի հետ ավելի ծանրակշիռ է, քան Թուրքիայի հետ հարաբերությունները»։

Անդրադառնալով Ռուսաստանում հայկական մրգերի վաճառքի արհեստական խոչընդոտներին, նա ասել է․ «Ամենավտանգավորն այն է, որ տարածաշրջանային օրակարգը տեղափոխվեց ռուսական ներքին օրակարգ։ Այն, ինչ մեզնից հեռու էր թվում, հայտնվեց մեր երկրի ներսում։ Դա էլ պետք է խթան հանդիսանա ղարաբաղյան հակամարտության լուծման համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում