Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն․ Ն. Փաշինյան

Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն․ Ն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին` մինչ օրակարգային հարցերին անցնելը, խոսեց հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ից սկսած և մոտ մեկ շաբաթ տևած մարտական գործողությունների մասին։

Վարչապետը նշեց, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։ Հրադադարի վերականգնման գործում, ըստ նրա՝ մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրները՝ հատկապես արդյունավետ էր ՌԴ ներգրավումը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։

«Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող, ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը` Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում` Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,– ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբ է մեկնել Սիրիայի Արաբական Հանրապետություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում