Արարատի մարզպետը տապալում է Նորամարգի դպրոցի տնօրենի ընտրությունը, որպեսզի նշանակվի իր ազգականը. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Արարատի մարզպետը տապալում է Նորամարգի դպրոցի տնօրենի ընտրությունը, որպեսզի նշանակվի իր ազգականը. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amԱրարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչներն այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել, պատճառը՝ դպրոցի տնօրենի ընտրության երկրորդ անգամ տապալումն էր։

Տնօրենի ընտրությունը կատարվում է 8 հոգանոց խորհրդի կողմից, որից 3-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներն են, 2-ը՝ մարզպետարանի, 1-ը՝ համայնքի, 2-ը՝ դպրոցական խորհրդի։

Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ 5 աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։

«Սա արդեն երկրորդ անգամ է՝ հատուկ է արված։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի։ Եվ ըստ օրենքի՝ 2 անգամ տապալվելուց հետո ընտրություն չի լինելու, մարզպետի առաջադրած թեկնածուին փոխվարչապետը նշանակում է դպրոցի տնօրեն։ Մենք նամակով դիմել են փոխվարչապետին, որպեսզի Ծովինար Գալստանին նշանակի տնօրեն»,- ասաց Նորամարգի դպրոցի գործավար, դպրոցական խորհրդի քարտուղար Լուսինե Դավթյանը։

Նորամարգի դպրոցի տնօրենի պաշտոնի համար բացի գործող տնօրեն Ծովինար Գալստյանից, որին սատարում են ուսուցիչները և ծնողները, պայքարում է ևս 2 թեկնածու՝ Այնթապի դպրոցի փոխտնօրեն Գոհար Սահակյանը և Սիփանիկ համայնքի դպրոցի փոխտնօրեն Գևորգ Մինասյանը։

«Մենք կարծում ենք, որ Գարիկ Սարգսյանի ցանկալի թեկնածուն Գոհար Սահակյանն է, քանի որ հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք, որ ազգակցական կապեր ունի Գոհար Սահակյանի հետ»,- նշեց Լուսինե Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում