Թուրքիայի «հոգևոր աշխարհագրությունն» ու հայկական պետությունների անվտանգությունը

Թուրքիայի «հոգևոր աշխարհագրությունն» ու հայկական պետությունների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողություններն ակտիվացրել են Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ավելի մեծ դերակատարում ունենալու մասին ծրագրերը։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Անմիջապես այն բանից հետո, երբ հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնեցին սահմանում տեղի ունեցած միջադեպի մասին, Թուրքիայի բարձրագույն իշխանությունը հայտարարեց, որ ամեն իրավիճակում պատրաստ է սատարել Ադրբեջանի գործողություններին։ Քաղաքական աջակցություից զատ պաշտոնական Անկարան Բաքվի իր գործընկերներին նաև ռազմական օգնություն առաջարկեց։ Տեղի ունեցան երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համատեղ քննարկումներ, փոխադարձ այցեր, ռազմատենչ հայտարարություններ և այլն։ Թուրք-ադրբեջանական քարոզչության կողմից ամեն ինչ այնպես ներկայացվեց, իբր առաջնագծում ունեցած իր հաջողություններով Հայաստանը սպառնալիք է դարձել ոչ միայն Ադրբեջանի տնտեսական և կոմունիկացիոն, այլև Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար։

Թուրքական երկու պետությունները միանգամից զոհի կերպար ընդունեցին՝ հայտարարելով թե հայկական Սփյուռքը Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում ամեն ինչ արել է, որպեսզի աշխարհաքաղաքական այդ կենտրոնները Հայաստանի միջոցով վնասեն Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանային շահերին։ Ակնհայտ էր մի բան՝քաղաքական և քարոզչական դաշտում Ալիևն ու Էրդողանը պատրաստ էին նման գործողությունների, և առաջին իսկ հարմար պահին գործի դրեցին նախօրոք պատրաստած բոլոր մեխանիզմները։

Ինչի՞ մասին է խոսում այս ամենը։ Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է՝ Թուրքիան անցել է հերթական տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ներկայությունը մեծացնելու՝ վաղուց սպասված ծրագրի իրագործմանը։ Ընդ որում, փոխկապակցելով դա Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Սև և Միջերկրական ծովերի ավազանում Ռուսաստանի ու այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ունեցած իր հարաբերություններով։ Թուրքիայում, ելնելով մի քանի հանգամանքներից, վստահ են, որ հիմա այդ խնդիրը լուծելու հարմար ժամանակ է։ Նրանց պաշտոնյաների ու փորձագետների հայտարարություններն ու մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ հաշվարկի հիմքում հետևյալ իրողություններն են՝

– Աշխարհը զբաղված է Կորոնավիրուսային հիվանդության հետևանքների դեմ պայքարով, և չի կարող մեծ ռեսուրսներ տրամադրել տարբեր տարածաշրջաններում առկա իրավիճակը պահպանելու համար,

– Թուրքիայի հարակից տարածաշրջաններում իրենց հիմնական մրցակից տերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ներքաշված են ընտրական և սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ, զուգահեռ ստիպված են ավելի ակտիվ զբաղվել տնտեսական խնդիրներով ու հանրային դժգոհությունները հաղթահարելու հարցերով,

– Ինքը՝ Թուրքիան, բավական բարելավել է իր դիրքերը խնդրահարույց այլ տարածաշրջաններում՝ հատկապես Մերձավոր Արևելքում, և հիմա կարող է մեծացնել իր ազդեցության գոտիները։ Ընդ որում, Թուրքիայի իշխանությունները դա կոչում են «հոգևոր աշխարհագրություն» և որոշում ունեն անել ամեն ինչ, որպեսզի այդ շրջաններում առանց Թուրքիայի մասնակցության որևէ խնդիր իր լուծումը չստանա,

– Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած քաղաքական ճգնաժամն ու երկու երկրների իշխանությունների միջև վստահության ակնհայտ բացակայությունը,

– Ռուսաստանի ցանկությունը Ադրբեջանը տեսնել ԵԱՏՄ կազմում,

– Եվրոպայի գրեթե իսպառ բացակայությունը Հարավային Կովկասում,

– Մի շարք այլ հանգամանքներ։

Այս ամենը, իհարկե, Թուրքիայի համար ոչ այլ ինչ են, քան Հարավային Կովկաս վերադառնալու իրենց կայացրած որոշման լրացուցչ փաստարկներ։ Իսկ մեխանիզմը հենց այն սահմանային լարվածությունն էր, որի ականատեսը եղանք բոլորս։ Կհաջողե՞ն թուրքերը պատմական այս փուլում, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։

Կարդացեք նաև՝ 
Պատերազմ և աշխարհաքաղաքականություն։ Ովքե՞ր են տնօրինում Հայաստանի ճակատագիրը։

Բայց ամեն ինչ, իհարկե, այդքան հեշտ չի լինելու Թուրքիայի համար։ Այսպես, Հարավային Կովկաս թուրքական ներթափանցման այս հերթական փորձն արդեն հանդիպել է խոչընդոտների։ Սկզբում ի դեմս Ռուսաստանի կանխարգելիչ գործողությունների (ռուս-թուրքական բանակցություններ, զորավարժություններ և այլն), հետո նաև Հայաստանի հայտարարությունների ու միջազգային կառույցներում որոշակի մեխանիզմներ գործի դնելու սպառնալիքների։ Սա, իհարկե, չի նշանակում, որ թուրքական վտանգը չեզոքացված է։ Ամենևին։ Ճիշտ հակառակը, չի բացառվում նաև պայմանավորվելու սցենարը։ Վերջին տարիներին նման պայմանավորվածություններ բազում են եղել։ Բացի այդ, Թուրքիան ի վիճակի է իր շահն առաջ տանել նաև ի հակառակ նույն Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների ցանկությունների ու քաղաքական ծրագրերի։ Փաստն այն է, որ Թուրքիան արդեն իսկ կիսով չափ լուծել է Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ գործոն լինելու խնդիրը, ինչի հետևանքով լրահոսում ամեն օր կարդում ենք այն մասին, թե ինչպես են այս կամ այն երկրի, այդ թվում նաև Ռուսաստանի, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց թուրք գործընկերների հետ քննարկում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած նոր լարվածության փաստը։

Գործնականում Հայաստանը դրան ոչինչ չի հակադրել։ Պաշտոնական Երևանը անգամ չկարողացավ հասնել նրան, որ որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն դատապարտի Թուրքիայի ակնհայտ ռազմատենչ քաղաքականությունը։ ՀՀ արտգործնախարարը նման փորձ չարեց նույնիսկ այն դեպքում, երբ, օրինակ, «France 24»-ի թղթակիցը երկու անգամ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի մասին ուղիղ հարց ուղղեց իրեն։

Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններն այս ողջ ընթացքում չփորձեցին կամ չկարողացան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի՝ հատկապես թուրքական վտանգը չեզոքացնելու հարցով նորմալ քննարկում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Դաշնակից երկու պետությունների ղեկավարները ոչ մի զրույց չունեցան Հայաստանի՝ ասել է թե նաև ՀԱՊԿ-ի ու Եվրասիական Տնտեսական Միության անվտանգությունն ապահովելու հնարավորությունների մասին։ Փոխարենը պաշտոնական Անկարան սկսեց երկխոսել Մոսկվայի հետ, որի արդյունքում տարածաշրջանում կայունությունն ապահովելու նպատակով կողմերի միջև փոխգործակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել։ Այս փաստն ինքնին արդեն թույլ է տալիս պնդելու, որ Թուրքիան կիսով չափ լուծել է մեր տարածաշրջանում առավել ակտիվ գործոն լինելու խնդիրը։

Ինչու՞ և ինչպե՞ս Հայաստանը դուրս մնաց իր իսկ ճակատագրին վերաբերող օրակարգերի միջազգային քննարկման ձևաչափերից ու հարթակներից։ Հարցի պատասխանը մեկն է՝ արտաքին քաղաքականության ոլորտում հեղափոխական իշխանությունների բացարձակ սխալ հաշվարկներն ու ոչինչով չհիմնավորված մեծամտությունը։ Հնարավո՞ր է արդյոք այս իրավիճակում որևէ դրական շարժ արձանագրել։ Այո։ Բայց դա արդեն մեծապես կախված է մեր գործընկերների ու հակառակորդների՝ հատկապես Ադրբեջանի, հաջորդ քայլերից։ Ցավոք, առկա իրողությունների պայմաններում ավելի իրատեսական է սպեսել թշնամու սխալվելուն, քան սեփական կառավարության հակաճգնաժամային ծրագրերին։ Այդպիսիք, ի դեպ, դեռևս չեն նշմարվում և սա նույնպես մեծ խնդիր է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում