«Փաստ». Կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ «Հայոց պատմությունն» էլ սկսվում է 2018 թ. ապրիլից

«Փաստ». Կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ «Հայոց պատմությունն» էլ սկսվում է 2018 թ. ապրիլից

«Աշխարհում կան երկրներ (մեկը՝ մեր կողքին), որ չեղած տեղից արհեստական պատմություն են հնարում իրենց համար, չեղած տեղից այլոց գրականությունը, արվեստն են «սեփականաշնորհում»:

Մենք մեր դարավոր պատմությանն ու գրականությանը, արվեստին վերաբերվում ենք քամահրանքով: Այլ կերպ չես որակի ներկայիս իշխանությունների գլոբալիզացիամոլ հետևողական պայքարը ազգայինի դեմ: Վառ օրինակը «Հայ գրականության», հիմա արդեն՝ պարզապես «Գրականության» առարկայական չափորոշիչների և ծրագրի նախագիծն է:

«Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո առանց դիվանագիտության և քաղաքավարական սեթևեթանքների միանգամից ասում եմ. դա ապուշություն է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը:

Եվ ընդհանրապես, գրեթե բոլոր մասնագետները և հասարակության մտածող հատվածի գերակշիռ մեծամասնությունը, բացառությամբ գուցե նման խայտառակ նախագծի հեղինակների ու իշխանավորների, սարսափելի զայրացած են: Բանն այն է, որ «քայլողների» կազմած չափորոշիչներով հայ գրականությունը սկսվում է… Խաչատուր Աբովյանից: Նրանից առաջ ոչինչ չի եղել:

Դպրոցական ծրագրերում փաստացի ընդգրկված չեն Խորենացին, Նարեկացին, Ֆրիկը, Քուչակը, Շնորհալին, Սայաթ-Նովան և այլն, և այլն:

Լավագույն դեպքում նրանց մասին հինգերորդ դասարանում «Ես և իմ հայրենիքը» առարկայի շրջանակներում գուցե «ձեռքի հետ» տեղեկություն տրվի, թե այսպիսի մարդիկ են եղել… Փոխարենը երբեմն այնպիսի հեղինակներ ու ստեղծագործություններ են ներառված, որ ամենավառ երևակայությամբ հանդերձ անհնար է հասկանալ, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել հեղինակները:

Ի դեպ, արդեն իսկ կարծիքներ կան, որ քանզի հին շրջանի հայ գրականությունն այս կամ այն կերպ առնչվում է Հայ Առաքելական եկեղեցուն, դրա համար էլ որոշել են ջնջել նախաաբովյանական մոտ 14 դարը:

Քանի որ չկա որևէ արդարացում այս ամենի համար, որոշ պատասխանատուներ պատճառ են բերում, թե… երեխաները հո դպրոցում բանասեր չեն դառնալու: Դե ինչ, նրանք դպրոցում պատմաբան էլ չեն դառնալու: Այդ դեպքում գուցե մի օր արթնանանք ու պարզվի, որ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան սկսվում է 2018 թվականի ապրիլի՞ց…»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում