Կիրիլ Առաջինը Երևանին և Բաքվին կոչ է արել «չտրվել այն ուժերի սանդրանքին, որոնց ձեռնտու է լարվածությունը Կովկասում»

Կիրիլ Առաջինը Երևանին և Բաքվին կոչ է արել «չտրվել այն ուժերի սանդրանքին, որոնց ձեռնտու է լարվածությունը Կովկասում»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՌուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք, Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով երկխոսության գնալ և չտրվել սադրանքներին: Նա ընդգծել է, որ հակամարտության յուրաքանչյուր սրում ընկալում է որպես սեփական ցավ:

«Այսօր Ռուս ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմին էլ երկխոսության կոչ է անում: Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքները նման երկխոսություն վարելու փորձ ունեն, ինչն այսօր շատ պահանջված է: Կոչ եմ անում չտրվել այն ուժերի սադրանքներին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ավելացումը»,-ասվում է ՌՈՒԵ կայքում հրապարակված հայտարարությունում:

Պատրիարքի համոզմամբ՝ Կովկասում նոր պատերազմն անխուսափելիորեն կներգրավի տարատեսակ ահաբեկիչների և ծայրահեղականների, որոնք երկար ժամանակով տարածաշրջանը կզրկեն խաղաղությունից ու կայունությունից:

Պատրիարքն ընդգծել է, որ ՌՈՒԵ-ն տարիներ շարունակ խաղաղասիրական գործունեություն է վարում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում ստեղծելով եռակողմ երկխոսություններ, ինչն էլ թույլ է տալիս դիմել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդներին:

«Սիրելի եղբայրներ, խնդրում եմ ձեզ պահպանել այն ձեռքբերումները, որոնց մենք հասել ենք եղբայրական հանդիպումների ընթացքում»,-նշել է պատրիարքը:

Նրա խոսքով՝ ՌՈՒԵ-ն ջերմեռանդորեն աղոթում է հանուն հակամարտության շուտափույթ կարգավորման:

«Լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի մեզ համար եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ և խելամտություն կգտնեն թշնամանքին վերջ տալու, անվստահության մակարդակը նվազեցնելու և առկա խնդիրների հարցում փոխընդունելի որոշումների հասնելու համար»,-ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում