Ռուսաստանում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցիների հարձակումներից

Ռուսաստանում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցիների հարձակումներից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amԻնչպես ավելի վաղ հայտնել ենք, այս գիշեր Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի ու հայկական համարանիշով ավտոմեքենաների վրա:

«Говорит Москва»-ի հետ զրույցում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ բախումները նախապես պլանավորված են եղել ադրբեջանցիների կողմից: Նրա խոսքերով, իրենք փորձել են կապ հաստատել համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն չեն կարողացել:

«Մենք ամբողջ գիշեր տեղեկություններ ենք ստացել: Մոսկվայի հարավ-արևելքում մի քանի նման դեպք է տեղի ունեցել: Շատ լավ կազմակերպված հանցախմբերը, որոնք զինված են եղել, հետապնդել են հայկական համարանիշով ավտոմեքենաները, հարձակվել մարդկանց վրա: Զոհեր չկան, սակայն կան վիրավորներ, այս պահին հայտնի է 2 հոսպիտալացվածի մասին: Մենք մեր գործողությունները համակարգում ենք իրավապահների հետ: Մեր հասարակական կազմակերպությունները ևս կապի մեջ են: Մենք կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, չտրվել սադրանքներին, քանի որ սա լավ կազմակերպված հայաֆոբ քաղաքականություն է, որը ներմուծվել է Ադրբեջանից: Դրա նպատակն է ավերել այն բալանսը, որը կա Ռուսաստանում: Սա կազմակերպված սադրանք է, որը սկսվել է առևտրի կետերում: Եթե քայլեր չձեռնարկվեն, լուրջ հետևանքներ են լինելու: Կա օրենք, որը պարտադիր է բոլորի համար»,-ասել է նա:

Տողանյանը կարծում է, որ ակցիայի հետ կապ ունեն ադրբեջանական իշխանությունները:

«Կարծում եմ, որ այս ամենն առաջին հերթին կապ ունի Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության հետ, որը նկատելի է հատկապես վերջին շրջանում: Վերջին ամիսներին նրանք իրենց բնակչությանը պատրաստում էին պատերազմին՝ պնդելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ միջոցը պատերազմն է: Այս հռետորաբանությունը նրանք արտահանել են նաև Ռուսաստան»,-ասել է նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում