Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գլխավորապես` այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո»,– ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար:

«Մեր հարաբերություններն ԱՊՀ որոշ երկրների հետ և, ինչը պակաս կարևոր չէ, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որը շատ զգայուն է մեզ համար»,-ասել է Պուտինը՝ առաջարկելով քննարկման հարցերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 5: Կան վիրավորներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում