Գիշերը Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել. կա վիրավոր

Գիշերը Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՄոսկվայում հայերի շրջանում վախի մթնոլորտ ընդհանրապես չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով, այս գիշեր Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները համեմատաբար քիչ են եղել:

«Գիշերը ժամը 2-ին Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել և հայ տղաներից մեկը հրազենային վնասվածք ունի ոտքին: Միայն այս դեպքի մասին գիտեմ, մյուսների հետ հետո չհաջողվեց կապ հաստատել»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Նա ասաց, որ երեկ Մոսկվայում պատկան մարմինների, իրավապահների և ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ են հանդիպում ունեցել: Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ապահովեն մեր հայրենակիցների անվտանգությունը:

«Մեր մյուս քայլերից մեկն էլ այն է, որպեսզի հնարավորինս շուտ կանխենք և հանդարտեցնենք այս կոնֆլիկտը: Մոսկվայում իրավապահները հորդորում են չտրվել սադրանքներին, քանի որ իրենք ժամանակ չեն կորցնելու՝ հասկանալու համար, թե ով է սկսել և ով է մեղավոր, ու լինելու են մասսայական ձերբակալություններ: Դրանից հետո սկսել են իրավապահներն իրենց գործողությունները, և նույնիսկ կասկածի դեպքում ձերբակալել են, անգամ տներն են մտել, թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով, այս պահին մեկ հոգի հիվանդանոցում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում