Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ «Ստամբուլյան կոնվենցիայից»

Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ «Ստամբուլյան կոնվենցիայից»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն տեղեկացրել է «Ստամբուլյան կոնվենցիայից» (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») երկրի դուրս գալու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է «Լեհական ռադիոն»:

«Երկուշաբթի մենք դիմում կներկայացնենք Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարություն, որպեսզի պաշտոնական աշխատանքներ տարվեն, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան չեղյալ հայտարարելու ուղղությամբ»,-տեղեկացրել է Զյոբրոն:

Արդարադատության նախարարն ասել է, որ Լեհաստանի օրենսդրությունն օրինակելի է, երբ խոսքը կանանց բռնությունից պաշտպանելու չափանիշների մասին է:

Նրա խոսքով` «Ստամբուլյան կոնվենցիայում» կանանց պաշտպանության վերաբերյալ այնպիսի որոշումներ չկան, որոնք Լեհաստանը չի կատարում:

Հիմնավորելով կոնվենցիայի չեղյալ հայտարարման վերաբերյալ եզրակացությունը՝ Զյոբրոն նշել է, որ այն պարունակում է «գաղափարական բնույթի դրույթ, որը մենք չենք ընդունում և համարում ենք վնասակար»:

Լեհաստանը կոնվենցիան ստորագրել է 2012 թվականին, վավերացրել` 2015-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում