«Իրատես». Կաղ ու կույր դիվանագիտությամբ երկար չես կարող ապրել այս տարածաշրջանում

«Իրատես». Կաղ ու կույր դիվանագիտությամբ երկար չես կարող ապրել այս տարածաշրջանում

Հայերի և ադրբեջանցիների միջև այս օրերի բախում­ները հերթական անգամ ի դերև հանեցին ոմանց այն հույ­սերը, թե հնարավոր է տարածքներ զիջել ու խաղաղ գոյակցել, Արցախում համատեղ բնակվել ադրբեջանցիների հետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ազգային հողի վրա առաջացած խնդիրների պատճառով ինչ կարող է լինել իրար կողքի «խաղաղ գոյակցող» հայի ու ադրբեջանցու միջև: Բոլոր այն ուժերը, որոնք արցախյան հակամարտության լուծումը տեսնում են տարածքների զիջման և ադրբեջանցիների հետ «լեզու գտնելու» մեջ, թերևս հասկացան իրենց նահանջողական կեցվածքը, այս օրերի իրադարձությունները լավագույն պատասխանն էին այդ ամենին: Այդ առումով բավական պատկերավոր է հնչում ՌԴ-ում ՀՀ դեսպանի հայտարարությունը, թե «Սումգայիթը խաղալիք կթվա»:

Բացի այն, որ Արցախում տարածք զիջելով խախտվում է մեր անվտանգության գոտին, այլև, ինչպես ասում են, ու­տելիս է ախորժակը բացվում, իմա Ադրբեջանը չի բավա­րարվի իր ունեցածով: Այս պարագայում խոսել ադրբեջան­ցու «կառուցողական» մոտեցումների, խնդիրը երեք կողմե­րին ընդունելի տարբերակով լուծելու մասին առնվազն ան­հեթեթություն է, եթե չասենք դավաճանություն, որովհետև Ադրբեջանի ընդունելի տարբերակը Արցախով, Սյունիքով Երևան հասնելն է և թուրքական աշխարհի համար իր մեծ եղբոր Թուրքիայի հետ ազատ միջանցք բացելն է:

Այս հեռանկարը չտեսնող և զարգացումների տրամա­բանությունից դուրս եկած իշխանությունը չի կարող ամեն անգամ ջրից չոր դուրս գալ բանակի հաջողությունների հաշվին: Կաղ ու կույր դիվանագիտությամբ երկար չես կա­րող ապրել մի տարածաշրջանում, որտեղ բոլորն արդեն քեզ գործընկեր ու դաշնակից չեն, իսկ խոշոր տերություն­ներն էլ իրենց հարցերն են կարգավորում քո հաշվին: ՈւԺն ու խելքը ոչ թե ամեն օր ավելի բարձր գոռալն է, թե ինքնա­վար ենք ու ոչ մեկին բանի տեղ չենք դնում, այլ որքան հնա­րավոր է շատ բարեկամներ ու գործընկերներ ձեռք բերելը: Ավելին ոչ թե բոլորի դեմ հրապարակավ սրեր ճոճելն է, այլ հետնաբեմում սեփական շահերը բոլոր հնարավոր ու անհ­նար ձևերով առաջ տանելն է, ոչ թե կեղծ խաղաղասիրություն քարոզելն է, այլ այդ խաղաղության համար ամեն օր աշ­խատելն է, շատ համախոհներ գտնելը: Եվ ամենակարևորը, երբ երկրիդ ու սփյուռքում ապրող միլիոնավոր հայրենա­կիցներիդ համար խառնակ օրեր են, պետք է ոչ թե թողնես ու հանգիստ գնաս արձակուրդ, այլ որպես երկրի ղեկավար, ձեռքերդ քշտած ամեն ինչ անես, որ օր առաջ խաղաղու­թյուն ու անվտանգություն բերես երկրիդ ու ազգիդ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում