ԿԳՄՍ նախարարը չհանդիպեց բողոքի ցույցի դուրս եկած դիմորդներին, հանրայինի տաղավարում մեղադրեց նախկիններին․ «Մեդիա պաշտպան»

ԿԳՄՍ նախարարը չհանդիպեց բողոքի ցույցի դուրս եկած դիմորդներին, հանրայինի տաղավարում մեղադրեց նախկիններին․ «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.amՀանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր։

Զրույցը ծավալվեց ընդունելության քննությունների արդյունքների, ԲՈՒՀ-եր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ցույցերի, գրականության չափորոշիչների շուրջ։

Պետրոս Ղազարյանն այս անգամ իրեն հատուկ սուր հարցերով աչքի չընկավ, փոխարենը լսում էր և համաձայնվում հյուրի հետ։

Արայիկ Հարությունյանը մեղադրեց նախկիններին, ընդունելության քննությունների արդյունքների շուրջ բարձրացած աղմուկը քաղաքական համարեց՝ նշելով, որ նրանց շարքերում Քոչարյանի աջակիցներ կան, այնուհետ մեղադրեց հետազոտական ու բուհական կենտրոններին կեղծիք տարածելու մեջ․ «Շարունակվում են կեղծիքները մամուլում։ Սոց․ ցանցերում մեղադրանքներ կան՝ մեր հայրենասիրական ոգին կոտրում եք դասականներին հանելով»։

Պետրոս Ղազարյանն էլ հեգնելով ավելացրեց․ «Մեր հիշողությունը, մեր ինքնությունը»։

Արայիկ Հարությունյանն իր հետ տաղավար էր բերել դասագրքերի առաջին էջերի պատճեններ, որոնք ցուցադրելով ասաց․ «Սուտն ու կեղծիքը հնչում են կարևոր հետազոտական և բուհական կենտրոններից։

Սույն պարոնը, որն ամենաշատն է քննադատում, էսպիսի դասագիրք է գրել ժամանակին։ Դավիթ Գասպարյան, իր դասագրքի վերնագրում հայ բառ չկա՝ գրականություն է գրված, նույնը 8-րդ դասարանում, նույնը 9-րդ դասարանում․․․

Մի մեծ խումբ, որը նախկինում դասագրքեր է գրել և ապահովել է մեր զարգացումը կամ չզարգացումը դպրոցում, հիմա դուրս է մնացել գործընթացներից»։

Նշենք, որ Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն է, գուցե դրանով էր պայմանավորված Հանրայինի մեկնաբանի պասիվությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում