Մեղադրանքը չենք ընդունում, վիճարկելու ենք և պաշտպանելու ենք մեր շահերը. պաշտպան

Մեղադրանքը չենք ընդունում, վիճարկելու ենք և պաշտպանելու ենք մեր շահերը. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՊետք է Հատուկ քննչական ծառայությանը հարցնել, թե ինչպես է ստացվել, որ մեղադրանքը առաջադրվել է ոչ թե հարձակվողի նկատմամբ, այլ նրա, ում վրա հարձակվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Արթուր Դանիելյանի նկատմամբ ՀՔԾ-ի առաջադրած մեղադրանքին:

Պաշտպանը նշեց, որ այս հարցում քաղաքական ուղղորդում է տեսնում, ինչը մեր երկրում շատ տարածված է, իսկ հեղափոխությունից հետո ավելի լայն թափ է ստացել: «Մեղադրանքը չենք ընդունում, վիճարկելու ենք և շատ ակտիվ ձևով պաշտպանելու ենք մեր շահերը»,-ասաց նա և նշեց, որ քանի որ չի կարող նախաքննության տվյալները հրապարակել, ավելի մանրամասն չի կարող հայտնել:

Ավելի վաղ Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և նշել.«Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայքակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:

Քննչական մարմինը ինձ և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են, այդուհանդերձ հիմա զերծ կմնամ մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց:

Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանը ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: ՀՔԾ այս տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է.Մարուքյանին, ճիշտ է նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ նա բռնություն, ոնց որ թե, չի կիրառել: Էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել:

Եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմեց Ազգային ժողովին Ա.Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի «ոչ թավշյա» քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիլյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում