Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.amՀուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը:

Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման:

Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում