Տիգրան Աթանեսյան. Քաղաքաշինական խնդիրներն այս իշխանությունների օրոք ստանում են ավելի այլասերված տեսք

Տիգրան Աթանեսյան. Քաղաքաշինական խնդիրներն այս իշխանությունների օրոք ստանում են ավելի այլասերված տեսք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Panroama.am: Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեում՝ առանձնատների հարևանությամբ պլանավորվում է կառուցել 4 հատ 16 հարկանի շենք։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց կառուցման հետ կապված մի շարք խնդիրների մասին։

Առաջին հերթին հարակից սեփական առանձնատների տերերը լուրջ խնդիր ունեն։

«Պատկերացրեք, 4 հատ 16 հարկանի շենքերի բնակիչներ դիտարկելու են ձեր շարժը ձեր տներում»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ օրենսդրության պահանջի մասին։

1500 քմ ու ավելի տարածք զբաղեցնող շինարարությունը ենթակա է մի շարք փորձաքննությունների, որպեսզի հասկանան՝ թույլատրելի՞ է շինարարությունը, թե՞ ոչ։ 2019 թվականին բնակիչներից մեկը դիմում է քաղաքապետարան՝ հարցնելով, թե՞ այդ տարածքում ինչ է կառուցվելու։ Ստանում է պաշտոնական պատասխան, ըստ որի ոչինչ էլ չի կառուցվելու, եթե հանկարծ շինարարություն անեն, կլինի վարչական վարույթ, կհրավիրեն բնակիչներին, կլսեն նրանց։

«Արդեն այս տարի բնակիչներն իմանում են, որ Երևանի քաղաքապետը տվել է թույլտվություն շենքերից մեկի հիմքերի կառուցման համար։ Այս շինթույլտվությունն իրենց ներկայացնում է ավարտված հանցակազմ, քանի որ հիմքերի թույլտվություն գոյություն չունի մեր իրավական դաշտում, դա հնարել են, որպեսզի փորձաքննություն չիրականացվի»,- մանրամասնեց Աթանեսյանը։

Սեփական տների բնակիչները դիմել են դատարան՝ բողոքարկելով շինթույլտվությունը, ինչը ենթադրում է, որ այդ որոշումը պետք է կասեցվի մինչ դատական պրոցեսի ավարտը։

«Եվ շատ անսպասելի մայիս-հունիս ամիսներին ԱԺ-ում հայտնվում է մի նախագիծ, որ երրորդ անձի՝ այս պարագայում բնակչի հայցերի դեպքում վարչական ակտը չի կասեցվում։ Թող մեկն ու մեկը ինձ համոզի, որ սա պատահական է։ Մարդիկ ներդրումներ են արել, լավ տներ են կառուցել, համոզված լինելով, որ օրենսդրությունն իրենց կպաշտպանի, չեն հետևի, թե ինքն ու իր ընտանիքն իր բակում ինչով են զբաղված»,-ասաց Աթանեսյանը։

Հաջորդ լուրջ խնդին այն է, որ թույլտվությունը տրվել է մի ընկերության, որը երեբք շինարարությամբ չի զբաղվել։

«Առևտրային մի ընկերություն է, բարձրահարկ շենքեր պիտի կառուցի։ Տեղեկություններ են հասնում, որ այդ մարդիկ հայտարարում են, իշխանությունը մերն է, ոչինչ էլ անել չեք կարող։ Իրավիճակը ցույց է տալիս, որ այստեղ Երևանի քաղաքապետը ֆորմալ ստորագրողն է, նրա կարծիքը չեն հարցնում, որովհետև ամեն մեկը չէ, որ ԱԺ-ում կարող է փոփոխություններ բերել»,- ասաց նա։

Աթանեսյանը տեղեկացրեց, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին Դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ։

«Եղել է հանդիպում, չեմ կարող մանրամասներ ասել, բայց մենք հասկացանք, մեզ հուշեցին, որ ո՞վ է գժվել ժողովրդի ընտրյալ, լավ է չեն ասում, երկնքից իջած քաղաքապետի դեմ գործ հարուցել։ Մենք գնալու ենք մինչև վերջ, պահանջելու ենք, որ ողջ կոռուպցիոն շղթան բացահայտվի, նման բաները պատահական չեն լինում, մեղավորները պատժվեն, շինարարությունն էլ չկատարվի։ Լկտիությունն այնքան մեծ է, չափ ու սահման չունի, որ շինթույլտվությունը կասեցված է, բայց քաղաքապետարանն ընկերությանը թույլատրել է այդ տարածքում կատարել աղբահանություն, որի անվան տակ կատարվում են հողային աշխատանքներ՝ նախապատրաստվելով շինարարությանը»,-իրավիճակը ներկայացրեց փաստաբանը։

Նա ընդգծեց, և դա այն պարագայում, երբ կա հաղորդում հանցագործության մասին, հայց, սա նշանակում է թքած ունենալ նաև մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի վրա։

«Մենք ունենք խայտառակ ապօրինի շինթույլտվություն, ունենք հաղորդում հանցագործության մասին, համոզված եմ, որ Կարգին Հայկոյին իրավապահները պահելու են, չէ՞ որ նրան սխալմամբ ընտրել են ընտրողների 80 տոկոսը, չէ՞ որ նա առաջին ծիծեռնակն էր «թավիշի», որը դառնում է դժբախտություն, թե բոլորիս, թե առանձին-առանձին մեր քաղաքացիների համար։ Պրոցեսը նոր է սկսկել, այն երկար կտևի։ Իմ կարծիքով, քաղաքաշինական խնդիրներն այս իշխանությունների օրոք ստանում են ավելի այլասերված տեսք ու նույն թափով շարունակվում են»,- խոսքն ամփոփեց փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում