Բուհ չընդունված դիմորդները 2 հայցադիմում ներկայացրին Վարչական դատարան

Բուհ չընդունված դիմորդները 2 հայցադիմում ներկայացրին Վարչական դատարան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amԲուհ չընդունված դիմորդներն այսօր հայց ներկայացրին Վարչական դատարան, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց բուհ չընդունված դիմորդների պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով՝ Վարչական դատարան փոստային ծառայության միջոցով մուտքագրված է երկու հայցադիմում, մեկ հայցադիմումով իրենք պահանջում են անվավեր ճանաչել ընդունելության կարգի փոփոխման վերաբերյալ Կառավարության որոշումը, երկրորդ հայցով պահանջում են անհատական մակարդակում կարգի կիրառումը ճանաչել անվավեր: Ընդ որում, այստեղ, ըստ նրա՝ տարբեր շահերի խախտված իրավունքներ կան և ըստ դիմորդների յուրաքանչյուրի համար առանձին պահանջ է դրված:

«Կան դիմորդներ, որ բարձր գնահատականներ են ստացել և ընդունվել են ոչ ցանկալի բաժին, այսինքն՝ դատարանի առջև խնդիր է դրվել անվավեր ճանաչելու հետ մեկտեղ, այդ դիմորդներին տեղավորել իրենց ցանկացած բաժիններ: Ընդ որում, առաջին հայցատեսակը չի լուծում, դիմորդների խնդիրը, այս կերպ մենք ՀՀ Կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարը արդար է՝ դիմորդների նկատմամբ կիրառվել է Կառավարության ոչ իրավաչափ որոշում»:

Փաստաբանը նշեց, թե կարծիքներ կան, որ այս պայքարն արդյունք չի կարող ունենալ, սակայն պետք է նկատի ունենալ, որ դատական գործընթացները կարող են տևել տևեն մեկ տարուց ավել:

«Հնարավոր է՝ գործընթացը տևի 6 ամիս, կամ մեկ-երկու տարի՝ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ հնարավոր է, որ պատասխանողը՝ Կառավարությունը, Վերաքննիչ և Վճռաբեկ բողոք ներկայացնի: Հայցերից մեկով վարչական դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցը բավարարել, ինչը մեզ հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ, մինչև գործով վերջնական դատական ակտը կլինի»,– ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ ցածր գնահատականներ ստացած դիմորդների մասով առանձին է պահանջը, իսկ բարձր գնահատական ստացածների դեպքում իրենց նախընտրած բաժին չընդունվածների համար համամասնությամբ պահանջ է ներկայացված:

Դիտարկմանը, թե նախկինում նշել եք, որ նախատեսում եք դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանը նշեց, որ երկու ճանապարհ կա՝ կա´մ դիմել Վարչական և Վճռաբեկ դատարան, կա´մ դիմել ՍԴ և Եվրոպական դատարան: Սակայն քանի, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է և քվորումի խնդիր կա և սահմանադրական գանգատը մնալու էր առանց քննության, մինչև համալրումներ չլինեին, այդ պատճառով որոշել են դիմել Վարչական դատարան. «Եվրոպական դատարանը մենք դիտարկում ենք այն պարագայում, եթե ՀՀ դատարանները չկայացնեն դիմորդներին բավարարող որոշում»,– մանրամասնեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում