«Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ցանկացած սցենարով զարգանալ»․ Պուտին

«Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ցանկացած սցենարով զարգանալ»․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվում է, սակայն այն կարող է ցանկացած սցենարով զարգանալ, գրում է eadaily.com կայքը։

«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և այն կարող է ցանկացած սցենարով զարգանալ, այդ պատճառով էլ հրավիրել ենք այս ժողովը։ Ինքներս մեզ հանգստացնելու, թուլանալու, բժիշկների խորհուրդների մասին մոռանալու որևէ առիթ չկա»,– նշել է պետության ղեկավարը։

Հայտարարելով, որ ռուսական «առողջապահական համակարգը համավարակի ընթացքում ընդհանուր կազմակերպված է աշխատել», «փրկվել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր»՝ Պուտինն ընդգծել է, որ «անհրաժեշտ է փորձել խուսափել կորոնավիրուսի պատճառով կրկին սահմանափակումների ռեժիմի սահմանումից»:

Նրա խոսքով՝ փորձագետներն աշնանը և ձմռանը կորոնավիրուսային իրավիճակի սրացումը չեն բացառում, ուստի՝ բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնել և պատրաստվել։ Անհրաժեշտ է աստիճանաբար չեղարկել սահմանափակումները, միայն կշռադատված որոշումներ կայացնել։

Նախագահը նաև հայտարարել է, որ իշխանություններն էապես առողջապահական համակարգի հնարավորություններն ընդլայնել են, որն արտահայտվել է կորոնավիրուսային համավարակի տարածման տեմպերի նվազմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում