Ռազմաքաղաքական նոր իրողությունները քաղաքական կտրուկ վերանայումներ են ենթադրում. Տիգրան Աբրահամյան

Ռազմաքաղաքական նոր իրողությունները քաղաքական կտրուկ վերանայումներ են ենթադրում. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am:Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը` տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր վիճակի, դրան ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների ու անհրաժեշտ քայլերի մասին։

Տավուշյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել: Սահմանային էսկալացիան մի կողմից ամրագրեց բանակցային գործընթացի տապալումը, մյուս կողմից հայկական զինուժի գրագետ գործողությունները նոր հաղթաթուղթ տվեցին Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ բանակցային գործընթացում առավել հարմար դիրքավորվելու համար:

Սա նաև լավ հնարավորություն է՝ խմբագրելու վերջին երկու տարիների դիվանագիտական ձախողումները ու առաջ շարժվելու առավել ուժեղացած, ամրացած և առավել ինքնավստահ:

Ստեղծված իրադրության ամենավտանգավոր սպառնալիքն այն է, որ տավուշյան իրադարձությունները դեռևս ամբողջական չեն հանգուցալուծվել և, չնայած Ռուսաստանի Դաշնությունը միջնորդական ակտիվություն է դրսևորում զարգացումները դիվանագիտական հարթություն վերադարձնելու ուղղությամբ, Ադրբեջանը կարծես նման ցանկություն այդքան էլ չունի:

Իհարկե չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կամ տեսակոնֆերանս կազմակերպվի, ինչ-որ փուլում նույնիսկ երկու երկրների ղեկավարները հանդիպեն, սակայն փաստ է, որ տարածաշրջանում և դրան առանձին մաս կազմող երկրներում այս էսկալացիան քաղաքական, տնտեսական, ռազմական առումով նոր իրավիճակ է ստեղծել:

Հայաստանի վարչապետը օրեր առաջ կառավարության նիստում հրապարակեց ստեղծված իրավիճակի հետ կապված Հայաստանի դիրքորոշում, որը բավականին սթափ գնահատականներ էր պարունակում և տեքստային առումով ամրագրում Տավուշում հայկական զինուժի ձեռքբերումները, մյուս կողմից, հրապարակային գնահատականները ներքաղաքական կյանքում առարկայական ձևով չեն արտահայտվում կամ գոնե՝ առ այս պահը չեն արտահայտվել:

Ինչի մասին է խոսքը: Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունն ուղղակի և անուղղակի ձևով հաստատում է, որ նաև պայմանավորված Թուրքիայից աճող սպառնալիքով՝ տարածաշրջանը կարող է կանգնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների շեմին: Սա առավել հստակ ամրագրված էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ զինծառայողներին ուղղված մարտակոչում և նույնը դիվանագիտական փաթեթավորմամբ Հայաստանի վարչապետի՝ կառավարության նիստում հնչեցրած խոսքում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով պատասխանատու է ռազմական ոլորտի քաղաքականության իրականացման համար, ակտիվ հանդիպումներ է ունենում արտերկրի դիվանագիտական կորպուսի առաջին դեմքերի, ռազմական կցորդների հետ: ԶՈՒ գլխավոր շտաբը, որը պատասխանատու է զորքերի ծառայության և մարտունակության ապահովման ու բարձրացման համար, զինված ուժերը նախապատրաստում է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների:

Իսկ ինչո՞վ է զբաղված քաղաքական իշխանությունը՝ քաղաքական 1-2 տեղին հայտարարությունից բացի: Այն երկիրը, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանրության իրազեկում է ռազմաքաղաքական բարդ իրավիճակի մասին, որում բացառելի չեն լոկալ մարտերից լայնամասշտաբ ռազմական գործողությունները, հանրության համար տեսանելի որևէ էական գործընթաց չի սկսել:

Այո’, ոչ թե քայլ կամ քայլեր, այլ գործընթաց, որովհետև վատագույն սցենարին նախապատրաստվելը կամ միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով սահմանային լարվածության փուլ մտնելը չափազանց ռեսուրսատար է բոլոր առումներով, և այս առումով քաղաքական իշխանությունը անելիքների համալիր ծրագիր պետք է իրականացնի:

Իրադրությանն արդեն գնահատական տրվել է, ըստ էության տրվել է նաև ախտորոշումը, իսկ որո՞նք են ստեղծված իրավիճակում պետության, քաղաքական իշխանության անելիքները, ի՞նչ ճանապարհով ենք գնում, ի՞նչ ռեսուրսով:

Պետք է սահմանել անելիքներն ու առաջնահերթությունները արտաքին քաղաքականությունում՝ սահմանակից երկրներ, տարածաշրջանային խաղացողներ, աշխարհաքաղաքական կենտրոններ, դաշնակիցներ, ռազմաքաղաքական դաշինքներ, միջազգային կառույցներ և կազմակերպություններ: Սա ոչ միայն թուրք-ադրբեջանական դաշինքի տարածաշրջանային սպառնալիքների մասով միջազգային հանրությանը իրազեկելու գործառույթ է պարունակում, այլ զսպման, հակազդման:

Տավուշում լոկալ մարտական գործողությունների ծավալումն արդեն իսկ ցույց է տալիս, որ դիվանագետները բավարար աշխատանք չեն տարել, երկրորդ, տեղի ունեցածի միջազգային արձագանքները ևս Հայաստանին չէին բավարարում, ինչը ևս ցույց է տալիս, որ այս ուղղությամբ ահռելի անելիքներ կան:

Ռազմական գործողությունների վերսկսման կամ սահմանային անկայունության փուլ մտնելու պարագայում ներքին ռեսուրսների համախմբման մեծ անհրաժեշտություն կա, առանց որի ցանկացած իշխանության համար չափազանց բարդ կլինի:

Հայաստանի և համաշխարհային տնտեսության վերաբերյալ միջազգային կառույցների կանխատեսումները բավականին վատատեսական են, ներքաղաքական դաշտն ու հանրային տարբեր խմբերը իշխանության հրած օրակարգի՝ սև ու սպիտակ խմբերի տրամաբանության մեջ են գործում:

Նույն Տավուշի մարտական գործողությունների օրերին ընդդիմադիր դաշտը մեծամասամբ աջակցում էր զինված ուժերին, ինչու չէ՝ իշխանությանը, սակայն կրկնում եմ՝ լայնամասշտաբ գործողությունների կամ երկարատև սահմանային մարտերի փուլ մտնող կամ դրա շեմին կանգնած երկիրը ներսում պետք է լուրջ համախմբման գործընթաց սկսի, վերանայի իր մոտեցումները քաղաքական, հասարակական հատվածի ամենատարբեր հարցերի շուրջ:

Ի դեպ, կարող է հարցադրում առաջանալ այն մասին, որ Ադրբեջանն էլ ներքաղաքական կամ տնտեսական առումով լավ վիճակում չէ: Տնտեսական առումով չեմ կարող ասել, սակայն ներքաղաքական դաշտում միգուցե ավելի վատ դրության մեջ է, սակայն մենք չենք կարող մեր հույսը դնել Ադրբեջանի ճգնաժամային տնտեսության կամ ներքին ցնցումների վրա, մանավանդ, որ Թուրքիան ամեն ինչ անում է Ալիևի իշխանությունը փրկելու և տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի օգտին փոխելու համար:

Էլ չեմ ասում, որ Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակը ևս հրահրող դեր ունեն սահմանային ատիվացումների առումով:

Չմոռանանք, որ Թուրքիան վերջին 10 տարվա մեջ ռազմական միջամտություն է ունեցել Սիրիայում, Իրաքում և Լիբիայում ու եթե հնարավորություն ունենա, ապա անկասկած կփորձի ընդլայնվել նաև մեր հաշվին: Ուրիշ բան, որ այս տարածաշրջանում այլ հետաքրքրություններ ունեցող երկրներ էլ կան՝ ՌԴ-ն և Իրանը, որոնց ևս որևէ ձևով ձեռնտու չէ Թուրքիայի ընդլայնումը և սա ևս բավականին զսպող դերակատարություն ունի:

Սակայն ՌԴ-ի, Իրանի հակազդեցությունը, որն առաջին հերթին բխում է այդ երկրի շահերից, մեզ ամբողջությամբ չի ապահովում անցանկալի, վտանգավոր զարգացումներից, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է իր ներքին և արտաքին քաղաքականության կտրուկ վերանայման գնա, որի արդյունավետ ելքը միայն կարող է մեզ ապահովել առավել անվտանգ և կայուն տարածաշրջան, նվազեցնել Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքները ու այս իրողությունների պայմաններում զարգացման նոր նախադրյալներ ստեղծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում