«Փաստ». Իշխանությունները ոչ մի­այն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այ­լև ար­դեն սկսել են ար­մատ­ներն ուտել. տնտեսագետ

«Փաստ». Իշխանությունները ոչ մի­այն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այ­լև ար­դեն սկսել են ար­մատ­ներն ուտել. տնտեսագետ

Ըստ էության, ունենք այն միտումը, որը դժվար չէր կանխատեսել, և հրապարակված ցուցանիշները հենց այդ մասին են վկայում: Այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ մեր կողմից արված կանխատեսումները, մեծ հաշվով, համընկնում են հրապարակված տվյալների հետ:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի հետ վերլուծել ենք 2020թ. հունիսի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները, անդրադարձել նաև տնտեսական իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերի ու խնդիրների:

«Մեզ մոտ զարմանք չի առաջացնում այն փաստը, որ թվերը բացասական միտում ունեն, թեև որոշ առումներով աճ կա:

Օրինակ է արդյունաբերական արտադրանքի ծավալը, որը մեկ տոկոսից մի քիչ ավելի աճ ունի: Իսկ շինարարության ոլորտում բավականին լուրջ անկում կա: Այս ոլորտում 2020 թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելի քան 23 տոկոս անկում ունենք: Առևտրի շրջանառությունն էլ է կրկին նվազել՝ մոտ 11 տոկոսից ավելի անկում կա այս հատվածում:

Ծառայությունների ծավալն էլ նվազել է գրեթե 7 տոկոսով: Այդուհանդերձ, սպառողական գների ինդեքսը մոտ կես տոկոսի չափով է բարձրացել, որը նույնիսկ կանխատեսվածից քիչ է: Եթե համեմատենք որոշ այլ երկրների հետ, ապա գնաճի առումով մի քիչ ավելի բարվոք ցուցանիշ ունենք»,ասաց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ հրապարակված թվերի մեջ կա նաև միջին ամսական աշխատավարձի բարձրացում:

«Բայց պետք է հաշվի առնենք, որ այն հիմնականում պետական հատվածի հաշվին է: Մենք այդ համատեքստում չենք կարող խոսել, օրինակ՝ անհատ ձեռներեցների, միկրոբիզնեսի կամ այլ ոլորտներում աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, որովհետև գործատերերը դժվարությամբ են լուծում այդ հարցը: Անգամ օգտվում են որոշ պետական ծրագրերից, եթե, իհարկե, դա իրենց հաջողվում է:

Մենք բավականին լուրջ անկում ունենք նաև արտաքին առևտրաշրջանառության մեջ: Այստեղ և՛ արտահանումն է կրճատված, և՛ ներմուծումը: Ես ուզում եմ շեշտել, որ, ընդհանուր առմամբ, ցուցանիշների առումով միջինացված պատկեր ունենք:

Մասնավորապես՝ նկատենք, որ հունվար, փետրվար, մարտ ամիսներն առանձնապես կապ չունեն գործարար աշխուժության հետ: Այս շարքին կարելի է դասել նաև ապրիլը, որովհետև ապրիլի վերջից նոր գործարար աշխուժությունը սկսում է:

Մեծ հաշվով, տարվա առաջին վեց ամիսները միջինացնելով՝ ստանում ենք որոշակի բարվոք թվեր, որոնք առաջին հայացքից շատ միտումների մասին չեն խոսում:

Երբ հրապարակվեն հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, այդ ժամանակ արդեն գործարար դաշտի աշխուժության տեսանկյունից մի քիչ ավելի ռեալ պատկեր կունենանք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով չի շտապի հետևություններ անել:

Այս տեսանկյունից տնտեսագետը խոսեց նաև հնարավորությունների մասին: «Գործարար աշխուժությունը նույնիսկ համավարակի պայմաններում մի քիչ ավելի բարձրացնելու հնարավորություններ, այնուամենայնիվ, կան:

Թող զարմանալի չթվա՝ եթե ճիշտ օգտագործենք եղած իրավիճակը, ապա ՀՀ-ն ոչ բոլոր, բայց առանձին ոլորտներում կարող է նաև տնտեսական աճ արձանագրել: Դրա համար ընդամենը բանիմացություն, արհեստավարժություն է անհրաժեշտ, որը ես կցանկանայի տեսնել կառավարման տնտեսական ոլորտի պատասխանատուների մոտ, ինչը, ցավոք, առանձին բացառություններով, գրեթե բացակայում է:

Արդյունավետ քաղաքականությունն է բացակայում, արդյունք տվող քաղաքականություն չեմ տեսնում, եթե լիներ, նման ցուցանիշներ չէին լինի:

Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց կասեմ, որ, այնուամենայնիվ, այլ պատկեր ունենալու հնարավորություն կա: Մենք կառավարությանը պարբերաբար ներկայացնում ենք մեր դիտարկումները, գնահատականները, վերլուծությունները:

Մեկ ամիս առաջ վարչապետին ենք ուղարկել շատ կոնկրետ միջոցառումների ծրագիր, բայց, ինչպես բնորոշ է, արձագանք ընդհանրապես չկա: Մենք չենք ակնկալում դրական արձագանք, գովեստի խոսքեր, ընդամենը ակնկալում ենք նորմալ, պետական ապարատին վայել ու բնորոշ վարքագիծ:

Կարող են, ենթադրենք, անգամ ասել, որ այս կամ այն պատճառով անընդունելի է այդ ծրագիրը, հարյուր բառից մեկն է ընդունելի, բայց անգամ նման արձագանք չկա: Ներկայիս կառավարությունն այդ մշակույթը որևէ կերպ չունի:

Անհնար է դառնում անգամ հասկանալ, թե որտեղ է մնացել այդ նամակը: Խոսքը կառավարության մասին է. ՀՀ կառավարության նամակների բաժնում և, ընդհանրապես, աշխատակազմում անհնար է գտնել այնպիսի ինֆորմացիա, թե ինչ է եղել մշակած ծրագիրը: Սա է պատկերը, և այս պայմաններում էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով նաև հարկային մուտքերի նվազման փաստը, տնտեսագետը մի քանի խնդիր առանձնացրեց.

«Նախ՝ կարևոր է ընդգծել, թե ինչպես ենք մոտենում հարկման բազային, այն բոլոր ոլորտներին, ենթաոլորտներին, որոնք հարկման ենթակա են: Թե ինչպես ենք վերաբերվում դրանց, դա նույնպես շատ կարևոր մշակույթ է:

Այսինքն, տվյալ արտադրությանը, ծառայության ոլորտին, ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին նայում ենք որպես հարկ ստանալու աղբյո՞ւր, թե՞ դիտարկում ենք համագործակցության տրամաբանության մեջ՝ հարկման բազան ավելացնելու, նրանց հետ համատեղ տնտեսությունը զարգացնելու իմաստով:

Սա մի հարց է, որը, իհարկե, բարելավումների զգալի տեղ ունի՝ հատկապես այս փուլում, երբ մենք բավականին լուրջ մարտահրավերներ ենք դիմագրավում: Երկրորդ բաղադրիչն այն է, թե ինչպես ենք օգտագործում այդ գումարները:

Չգիտեմ՝ ինչ հոմանիշ գտնել այն ոճին, որը կիրառվում է. ինձ հայտնի տեղեկություններով, հարկատուներից գանձվող հարկերի, տուրքերի քառորդ մասն անգամ բյուջե չի գնում՝ հատկապես նույն պարգևավճարների պատճառով:

Այսինքն, իրականում ոչ միայն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այլև արդեն սկսել են ուտել ծառի արմատները: Ցավոք, այստեղ ունենք բավականին լուրջ խնդիր. մարդիկ չեն հասկանում, որ այդ հաշված գումարները, որոնք, այնուամենայնիվ, հաջողվում է հավաքել հարկերի, տուրքերի և տարբեր վճարների տեսքով, չի կարելի տանել ու լցնել պետական ծառայողների գրպանները՝ ի լրումն իրենց աշխատավարձերի, որոնք իրենք պետք է վաստակեն: Բազմամիլիոն պարգևավճարների մասին բազմիցս է գրվել, խոսվել ու հիմա էլ է գրվում, խոսվում, բայց դա այդպես էլ որևէ կերպ որպես սթափության կոչ չի ընդունվում:

Կարծում եմ՝ բարոյականության լուրջ դեֆիցիտ կա: Այս պայմաններում պարգևավճարներ ստանալու պրակտիկան շարունակելը հենց այդ մասին է վկայում: Ես կողմ եմ պարգևավճարին, եթե այն մոտիվացնում է աշխատանքը, եթե այն ավելի արդյունավետ է դարձնում առանձին աշխատողների աշխատանքը:

Բայց կտրականապես դեմ եմ նույնիսկ աշխատանքի չգնացողներին, բացարձակ անգործության մատնվածներին պարբերաբար պարգևավճարներ տալու պրակտիկային: Ես դա անբարոյականություն եմ համարում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում