Ոստիկանությունը ոչ բոլոր հավաքների ժամանակ է միջամտություն ցուցաբերում ու դադարեցնում դրանք. Իշխանյան

Ոստիկանությունը ոչ բոլոր հավաքների ժամանակ է միջամտություն ցուցաբերում ու դադարեցնում դրանք. Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amԴուրս եկեք փողոց, գնացեք Հյուսիսային պողոտա, կասկադ, կտեսնեք մարդկանց հսկայական կուտակումներ: Եթե դրանք հեռվից նկարես ու ներկայացնես հանրահավաք, որևէ մեկը չի զարմանա: Ուզում եմ ասել, որ հավաքների ժամանակ իրարից հեռավորություն պահելու պահանջը, սովորական կենցաղային կյանքում չի գործում, այնինչ բողոքի ակցիաներն արգելվում են: Այս մասին հավաքների ազատության սահմանափակման թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանի խոսքերով, հավաքների ազատությունը՝ որպես մարդու իրավունք, առաջնայիններից մեկն է համարվում. «Դա խոսքի ազատության խնդիր է, այն տարբեր խմբերի ձայնը տեղ հասցնելու միջոց է»:

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանում գործող կարգի համաձայն, հավաքների և գործադուլների կազմակերպումն ու դրանց մասնակցությունն արգելվում է, միևնույն ժամանակ թույլատրվում է հանրային միջոցառումների անցկացում, եթե դրան մասնակցողների թիվը չի գերազանցում 20-ը. «Սա արդեն իսկ խտրական վերաբերմունքի մասին է վկայում՝ մի դեպքում թույլատրվում է, մյուս դեպքում՝ ոչ»:

Իշխանյանը խոսեց այլ խնդրի մասին, որ ոչ բոլոր դեպքերում է ոստիկանության վարչարարությունը եղել միանման. «Մի շարք դեպքերում ոստիկանությունն էական միջամտություն չի ցուցաբերել հավաքի նկատմամբ:

Օրինակ հունիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի առջև, մայիսի 20-ին՝ կառավարության առջև, մայիսի 24-ին Կապանում, հուլիսի 7-ին Արման Բաբաջանյանի կողմից նախագահականի մոտ անցկացված հավաքների ժամանակ ոստիկանությունն էական միջամտություն չի ցուցաբերել, չի դադարեցրել հավաքը, մինչդեռ այլ դեպքերում դադարեցրել է մինչև 5 մասնակից ունեցող հավաքներ: Օրինակ ապրիլի 27-ին կառավարության նստավայրի մոտ քաղաքացիների հավաքը և այլն»:

Իշխանյանը խոսեց նաև ոստիկանական մեծաքանակ ուժերի կենտրոնացման մասին, ինչը հատկապես նկատելի է ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հավաքների ժամանակ:

Նա նաև անդրադարձավ միայնակ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելուն, ինչպես եղավ օրինակ Ռուբեն Մելիքյանի դեպքում՝ հայտարարելով, որ դա ընդհանրապես անհամաչափ է, քանի որ հավաքների ազատության մասին օրենքով հավաք չի համարվում մեկ անձի կողմից որևիցե վայրում իրականացվող միջոցառումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում