Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը

Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ռուսաստանն ուժեղացրել է հսկողությունը Բելառուսի հետ սահմանին, ինչը քաղաքական ենթատեքստ չունի։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատունը, գրում է eadaily.com-ը։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմն այսօր իրոք ուժեղացրել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի քաղաքացիների անձնավորված հաշվառման սահմանի հատման հսկողությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի Ռուսաստանի կառավարության շտաբի կարգադրությունների շրջանակներում մուտք գործող և մեկնող քաղաքացիների համապատասխան կատեգորիաների վերահսկողության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նաև նշվում է, որ «դա արվել է ուղևորահոսքի ավելացման կապակցությամբ, որն աճել է գրեթե երկու անգամ՝ քաղաքացիների արտոնյալ կատեգորիաների ցանկի ընդլայնման պատճառով, որոնց նկատմամբ Ռուսաստանի կառավարության կարգադրություններով վերացվել են սահմանի հատման սահմանափակումները (ուսում, աշխատանք, բուժում, մերձավոր ազգականների խնամք, բարձր որակավորում ունեցող մասնագետներ և այլն)»։

«Ռուսական կողմի հավաստմամբ՝ իրավիճակը պայմանավորված է կազմակերպչական-տեխնիկական միջոցառումներով և քաղաքական ենթատեքստ չունի»,- ասված է ՌԴ-ում Բելառուսի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի սահմանապահները հուլիսի 29-ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության տասնյակ զինյալի ձերբակալման ֆոնին ուժեղացրել են պետական սահմանի օպերատիվ պաշտպանությունը, այդ թվում՝ ռուս-բելառուսական հատվածում։

«Այսօր երկրի ղեկավարության հանձնարարականների կատարման շրջանակներում սահմանապահներն ուժեղացրել են պետական սահմանի օպերատիվ պաշտպանությունը, այդ թվում՝ ռուս-բելառուսական հատվածում»,– ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում