Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ)

Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amՄի քանի օրից Սևանա լճում կանաչ ֆոնը չենք տեսնելու, լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:

«Բայց, իրականում, պատկերը շատ մտահոգիչ է, ափամերձ տարածքներում, անտառածածկ հատվածերի մաքրման աշխատանքները պետք է արագ ու հրատապ կազմակերպվեն, քանի որ ցիանոբակտերիաների գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում», – ասաց նա։

Վահագն Վարագյանի խոսքով՝ կարևորագույն խնդիրներից են ափամերձ տարածքներում գտնվող համայքները, որտեղից կոյուղաջրերը հիմնականում հոսում են դեպի Սևանա լիճ։

«Մաքրման կայանների գոյություն չունենալը Սևանում ստեղծում է ջրում նպաստավոր պայմաններ, որպեսզի ցիանոբակտերիաները բազմանան ու մենք հիմա մի այնպիսի փուլում ենք, որ կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը», – ասաց Վահագն Վարագյանը:

Նրա խոսքով՝ պատկան մարմինները պետք է արագացնեն մաքրման աշխատանքները։

«Ամեն ջանք պետք է դնել, որ ափամերձ հատվածի մաքրման աշխատանքները շատ արագ իրականացնենք», – ասաց նա։

Վարագյանի խոսքով՝ տարին տասներկու ամիս հետաքրքրվելու են այս խնդրով, նույնիսկ աշնանն ու ձմռանն են գալու Սևան, պտտվելու ափամերձ հատվածներում։

«Նայելու ենք՝ ինչ աշխատանքներ են կատարվելու», – վստահեցրեց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահը։

Նշենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում