Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան

Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ներկա իշխանությունների գրեթե բոլոր ներկայացուցիչների ասածներն ինձ մոտ անվստահություն են առաջացնում, քանի որ վերջին 2.5 տարում շատ-շատ են եղել ամպագորգոռ հայտարարություններ, որոնք հետո հերքվել կամ չեն հաստատվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե սահմանին հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացքը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։

Նա նշեց, որ իր համար առավել ևս դժվար է մեկնաբանել Անվտանգության խորհրդի ղեկավարի ասածը՝ հաշվի առնելով նույն իրենց գրած ռազմավարությունը, որը բացարձակապես ռազմավարության հետ կապ չունի, դա, ըստ նրա՝ կենացների ժողովածու է: «Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում համակարգելը, այստեղ ավելի շատ անձերի հարց է՝ հաշվի առնելով իրենց նախկին հայտարարությունները և արածները: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ համակարգմանն ամենամեծ օգնությունը եղել է այդ գործընթացներին չխառնվելը»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծվում նման հայտարարություններով, Կարեն Վրթանեսյանն ասաց. «Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի ինչ-որ կերպար՝ պայմանական Նիկոլայ Պաբեդանոսի նման ինչ-որ կերպար կերտել»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը չի ծառայել բանակում և հարցին՝ այդ դեպքում կարո՞ղ էր արդյոք համակարգել գործողությունները, նա նշեց. «Մարդ կարող է ծառայած չլինել, բայց թեմայից տեղյակ լինել, ունենալ կազմակերպչական ու կառավարման ուժեղ հմտություններ, այնպես չէ, որ պատերազմ համակարգելու համար մարդ պետք է անպայման զինվորական կրթություն, զինվորականի փորձ ունենա, բայց այնուամենայնիվ գոնե պետական ապարատի կառավարման մեծ փորձ, որոշ գիտելիքներ պետք է ունենա»:

«Վարչապետի պաշտոն զբաղեցնելն ավտոմատ չի նշանակում այդ ամեն ինչն իմանալ, մարդը կարող է որոշ քաղաքական որոշումներ կայացնել նման իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ պայքարը համակարգել է, գուցե համակարգել է, չեմ կարող բացառել, բայց կոնկրետ ինձ դժվար է հավատալ»,- հավելեց Վրթանեսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում