Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով

Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amԱզգայինի ու ավանդականի դեմ արշավն այս երկու տարում ավելի մեծ չափերի է հասել, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Հայագիտության դեմ արշավն ավելի տեսանելի դարձավ, երբ հրապարակվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը: Եթե այն համեմատենք 2007 թվականի ազգային անվտանգության հետ, ապա երկու շատ կարևոր տարբերություն կա. 2007 թվականի ռազմավարության մեջ նշված է Արցախի Հանրապետություն, իսկ այս ռազմավարության մեջ բացակայում է Հանրապետությունը: 2007 թվականի Ռոբերտ Քոչարյանի ռազմավարության մեջ, որպես նպատակ, հստակ նշված է հայապահպանությունը, իսկ այս ռազմավարության մեջ այդ մասին որևէ բան չկա: Բնականաբար, այս ամենն իր արտացոլումը պետք է գտներ կրթության ու գիտության չափորոշիչների մեջ», – ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, թե կրթության մասին նոր չափորոշիչների մեջ հայկական լեռնաշխարհը փոխարինվել է «Արևելյան Անատոլիա»-ով։

«Եթե այսպես գնա, կարող է այս «քայլող» տիկնայք և պարոններն Արարատը վերանվանեն Ագրիդախ, ինչպես թուրքերն են ասում, Երևանն էլ՝ Էրիվան և այդպես շարունակ», – ասաց ՀՀԿ խոսնակը։

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե իր համար անընդունելի է, երբ շատ մասնագետներ շատ զգուշորեն են խոսում, որ «հանկարծ պարոն վարչապետին չկպնեն՝ սլաքներն ուղղելով միայն ԿԳՄՍ նախարարի դեմ»։

«Ոչ, պարոնայք, սա պետական քաղաքականություն է, որը թելադրվում է նաև դրսից: Հանրությունը չպետք է լռի։ Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին», – ընդգծեց Շարմազանովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում