Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին

Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՈչ ես, ոչ էլ Ալեն Սիմոնյանը չէինք հաշտվել այն միջադեպի հետ, որը տեղի ունեցավ երկուսիս մասնակցությամբ։ Ըստ էության՝ հակառակ կողմի ցուցմունքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ինչի հիման վրա էլ ինձ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված գործին, որը կապված է իր և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

Դիտարկմանը՝ անցած երկու ամիսների ընթացքում առիթ ունեցե՞լ եք Ալեն Սիմոնյանի հետ, թեկուզ միջնորդավորված, զրուցելու, Արթուր Դանիելյանը պատասխանել է․ «Նախկին իմ գործընկերները ինձ շատ լավ ճանաչում են, ըստ այդմ՝ ինձ հետ միջնորդավորված կապի դուրս գալու որևէ փորձ չի եղել ու չի էլ լինելու»։

Խոսելով ընդդիմադիր ուժերի ու որոշ անձանց նկատմամբ իրավապահների կողմից ընդգծված վերաբերմունքի մասին ու հարցին՝ ինչո՞ւ հենց այս փուլում նորից վերջիններս հայտնվեցին ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում, Արթուր Դանիելյանը նշել է․ «Դուք մոռանում եք, որ երկրի համար մեկ օրակարգը երեսուն տարի շարունակ Արցախի հարցի կարգավորումն է և մեզ համար այսօր էլ պետք է ամենակարևոր հարցերը լինեին տավուշյան իրադարձությունները»։

Ըստ Արթուր Դանիելյանի՝ թե՛ իր, թե՛ Նարեկ Մալյանի և թե՛ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող որոշ գործողությունները միայն ներքաղաքական հարցերով պայմանավորված չեն․ «Դրանք պայմանավորված են անգամ գլոբալ իրադարձություններով։ Նարեկ Մալյանին երեկ արգելափակել են ֆեյսբուք սոցիալական ցանցում, մեր էջի համար բավականին խնդիրներ առաջ եկան և մենք տեղեկացանք, որ նույն օրը, նույն պահին ռուսաստանյան բազմաթիվ պահպանողական էջեր արգելափակվել են»։

Արթուր Դանիելյանը նշում է, որ սա արևմտյան քաղաքակրթական դաշինքի նախապատրաստական աշխատանքներ է՝ հնարավոր վիրտուալ բանակներին իրենց ճանապարհից հեռացնելով․ «Տարածաշրջանն այսօր եռում է և հեռու չէ այն օրը, որ այս եռացող տարածաշրջանը գլոբալ հակամարտության թատերաբեմ դառնա»։

Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում Ձեր դեմ հարուցված քրեական գործի հետ կապված անել, Արթուր Դանիելյանը պատասխանել է․ «Մեծ հաշվով ոչինչ։ Ես իմաստը չեմ տեսնում ինչ-որ բան անելու։ Ի շնորհիվ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ հանրությունը տեղեկանում է գործի իրավական կողմին, իսկ այս գործի քաղաքական գնահատականը տվել են բազում մարդիկ»։

Արթուր Դանիելյանի խոսքով՝ ինքն այս գործի հետ կապված որևէ անելիք չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում