Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում

Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԱմուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար ՀՀ քաղաքացին իրավունք ունի շնչել մաքուր օդ և խմել մաքուր ջուր: Ամուլսարը ոսկու արդյունաբերական արտադրության և էկոռիսկերի լիարժեք փոխհատուցման տեսանկյունից անարդյունավետ է: Ամուլսարի ոսկին կենտրոնացված է սուլֆիդային հանքաքարերում` մանր չափերով, 0.15 – 0.70 գրամ 1 տոնայում: Սուլֆիդային հանքաքարերը, ջրի կամ օդի հետ շփվելով, առաջացնում են թթվային ջրեր, որոնք չափազանց ուժեղ քայքայիչ հատկություն ունեն: Սարի ապարները ճաքված են, ինչն ավելի է մեծացնում այդ թթվային ջրերի հոսքը դեպի գրունտային ջրեր: Իսկ գրունտային ջրերի և ձնհալքի ջրերը թափվում են Արփա և Որոտան գետեր` վտագի տակ դնելով Հայաստանի քաղցրահամ ջրերի ողջ պաշարը, այդ թվում նաև Սևանա լիճը: Ըստ միջազգային ստանդարտների` հանքարդյունաբերության մեջ պետք է ի սկզբանե խուսափել թթվային դրենաժից, այլապես տարածաշրջանի (և ոչ միայն) ամբողջ էկոհամակարգը անվերականգնելի կորուստներ կունենա:

– Ուշագրավ է, որ Ամուլսարի վերին մասում ժայռային մեծ քանակությամբ ապարներ կան (մոտ 100 միլիոն տոնա), և դրանք չեզոքացնելու համար շատ մեծ քանակով կրաքար է անհրաժեշտ, ինչը հավելյալ էկոռիսկեր է ստեղծում: Այսինքն` տեղանքում առկա հաճախակի քամիները բաց հանքի պարագայում աղտոտված օդը տարածելու մեծագույն հավանականություն ունեն: Անհանգստացնող է նաև այն փաստը, որ նույն ընկերության կողմից ոսկու քանակի հետ կապված տարբեր տարիներին տարբեր թվեր են հնչեցվել, և եթե հանքը շահագործելուց հետո սպասումները չարդարացվեն, ոչ մի երաշխիք չկա, որ ազգովի «կոտրված տաշտակի առաջ» չենք կանգնելու:

– Հաշվի առնելով վերը նշվածը` «Կանաչ ապագա» շարժումը հայտարարում է, որ բնապահպանական ռիսկերի կառավարման և շրջակա միջավայրին պատճառվող անդառնալի վնասների համատեքստում անընդունելի է Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը: Իր հողի վրա ապրող հայ մարդն իրավունք ունի մաքուր օդ շնչել ու մաքուր ջուր խմել: Հանուն այսօրվա և վաղվա սերունդների առողջության պահպանման` «Կանաչ ապագա» շարժումը կոչ է անում անհապաղ դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները և միջազգային չափորոշիչներին համապատասխան գնահատել հանքի շահագործման դեպքում հնարավոր բոլոր ռիսկերը և դրանց վերացմանն ուղղված գործողությունները և այս ամենի արդյունքները թափանցիկ ներկայացնել հանրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում