Ինչ-որ մեկը վերջին պահին դիմում է ներկայացրել և դառնալու է տնօրեն. կա´մ մարզպետի բարեկամն է, կա´մ էլ կաշառք է տվել

Ինչ-որ մեկը վերջին պահին դիմում է ներկայացրել և դառնալու է տնօրեն. կա´մ մարզպետի բարեկամն է, կա´մ էլ կաշառք է տվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են սկսել Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները՝ նշելով, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն ապօրինությամբ է անցել:

Ուսուցիչներից Փերինե Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տնօրենի պաշտոնի մրցույթը մի քանի անգամ տապալվել է, սակայն հիմա տեսել են Արարատի մարզպետարանի դիրքորոշումը, որը ըստ նրա՝ կարգի խախտում է: «Մենք պահանջում ենք, որ մեր դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը և պատկան մարմինները զբաղվեն այս հարցի ապօրինությամբ: Մարզպետարանից դիտմամբ չեն եկել տնօրենի մրցույթին»:

Ուսուցիչը ներկայացրեց, որ վարչապետին նամակ են գրել և ներկայացրել խնդիրը, սակայն որևէ պատասխան չկա, որն էլ առիթ է դարձել Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնելու: «Այնքան ակնհայտ է երևում, որ մարզպետարանը դիտմամբ է տապալում մրցույթը և մեր՝ վարչապետին ուղարկված նամակը ուղարկվել է մարզպետարան»:

«Այստեղ կոռուպցիոն ռիսկ է նկատվում: Եթե Ծովինար Գալստյանը հինգ տարի աշխատել է որպես դպրոցի տնօրեն և փոխել է դպրոցն ամբողջությամբ, հիմնահատակ դպրոցը վերանորոգվել է, կրթական ոլորտը լավացել է: Իսկ հիմա արդեն շշուկներ կան, որ հեռավոր գյուղից ինչ-որ մեկը վերջին տասը րոպեում դիմում է ներկայացրել և դառնալու է տնօրեն, խոսում են նաև, որ մարզպետի հետ բարեկամական կապ ունի կամ էլ կաշառք է տվել»:

Վերջինս նշեց, որ մարզպետի հետ հանդիպում բազմիցս են խնդրել, սակայն ոչ մի անգամ չի եկել ու չի խոսել, որը ըստ նրա՝ բացահայտ ապօրինություն է: Նա շեշտեց, որ նույնիսկ դատական գործընթացով պայքարելու են մինչև վերջ, քանի որ մրցույթ այլևս չի լինելու և որոշողն արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:

Կառավարության ներկայացուցիչը հանդիպեց ակցիայի մասնակիցների հետ և ասաց, որ դիմումը ստացել են և այն քննության փուլում է, իսկ արդյունքների մասին կծանուցեն ուսուցիչներին:

Ուսուցիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն պարզ է՝ դպրոցի տնօրեն է նշանակվել մարզպետարանի ցանկալի թեկնածուն, ինչի համար պատրաստվում են դասադուլի և գործադուլի անցնել: «Գուցե հարցը տանենք դատական գործընթացի՝ հույս ունենալով, որ արդարությունը կհաղթի, քանի որ ինչ կատարվում է՝ բացահայտ է, և նույնիսկ մարզպետարանը չի թաքցնում դա»:

Դպրոցի ուսուցիչները հանդիպում էին պահանջել մարզպետի հետ, սակայն մերժվել են, որն էլ ըստ նրանց՝ ապացույցն է այն բանի, որ տեղի ունեցողը ապօրինություն է:

Նշենք, որ ակցիայի իրականացման ժամանակ ՀՀ Ոստիկանության ծառայողը հորդորեց ակցիայի մասնակիցներին դադարեցնել հավաքը և լքել տարածքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում