3-5 մլրդ դոլար. Բեյրութի նահանգապետը գնահատել է նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասի չափը (տեսանյութ)

3-5 մլրդ դոլար. Բեյրութի նահանգապետը գնահատել է նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասի չափը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԲեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը երեկ` օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառած վնասը գնահատել է 3-5 միլիարդ դոլար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով LBCI Nеws լիբանանյան պորտալին:

«Վնասի չափը հասնում է 3-5 միլիարդ դոլարի, հնարավոր է՝ նույնիսկ ավելի շատ: Բեյրութի հարյուրավոր բնակիչներ առանց կացարանի են մնացել»,-տեղեկացրել է Բեյրութի նահանգապետը:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում