Հայաստանը պետք է ցույց տա, որ Լիբանանի ժողովրդի, նաև Լիբանանի հայ համայնքի կողքին է․ Սուրեն Սարգսյան

Հայաստանը պետք է ցույց տա, որ Լիբանանի ժողովրդի, նաև Լիբանանի հայ համայնքի կողքին է․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն մեր բարեկամ պետությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, իսկ հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է։

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ այս ահեղ պայթյունի հետևանքների վերացման համար Հայաստանից անհրաժեշտ է ուղարկել համապատասխան մասնագետներ Արտակարգ իրավիճակների նախարարության կազմից։

«Այսօր շատ կարևոր է նաև միջազգային ներգրավվածությունը՝ Լիբանանի ժողովրդի կողքին կանգնելու համար։ Բնականաբար, եթե լինեն հայեր, որոնք ցանկանան տեղափոխվել Հայաստան, պետությունը պետք է օգնի, թեև չեմ կարծում, որ այդպիսիք լինեն, սակայն հայերին հնարավորինս պետք է օգնություն ցուցաբերել. ինչի՞ կարիք նրանք ունեն՝ դրամակա՞ն թե այլ տեսակի աջակցության։ Համենայնդեպս Հայաստանը պետք է ցույց տա, որ Լիբանանի ժողովրդի կողքին է կանգնած, ինչպես նաև Լիբանանի հայ համայնքի կողքին է»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանը նշեց, որ պայթյունի պատճառների մասին պաշտոնական վարկած դեռ չկա, դրա համար վաղ է որևէ մեկնաբանություն տալ, սակայն, նրա խոսքով՝ փաստ է, որ Լիբանանում տնտեսական վիճակը բավական լարված է, հանրային դժգոհություններ կան, թեև իշխանություններն ամեն ինչ անում են, որ իրավիճակը վերահսկողության տակ պահեն։

Ընդհանուր առմամբ քաղաքագետի գնահատմամբ՝ Լիբանանում իրավիճակը բավականին բարդ է վերջին մեկ տարվա ընթացքում, շատ լարված է և նման արհավիրքը իր հետ բերելու է լուրջ հետևանքներ՝ թե տնտեսական, թե քաղաքական և բնականաբար նաև բարոյահոգեբանական առումով։

«Լիբանանում տնտեսական, քաղաքական լուրջ ցնցումներ են տեղի ունենում, և մենք պետք է անհանգստացած լինենք, քանի որ Լիբանանը մեզ համար չափազանց կարևոր պետություն է, և մենք այնտեղ ունենք համայնք, որը մշտապես ազդեցիկ և կազմակերպված հայ համայնք է եղել և կարծում եմ, որ բավականին լավ է իրեն զգացել Լիբանանում»,- ասաց նա և նշեց, որ պետք է աշխատանքներ տարվեն, որը կհամակարգվի Հայաստանի Հանրապետությունից։

«Այստեղ մեծ գործ կա անելու և հույս ունեմ, որ այդ աշխատանքը Հայաստանի իշխանությունները կկարողանան իրականացնել»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում