Ջերմուկցիները մենակ են մնացել. Վահագն Վարագյան (տեսանյութ)

Ջերմուկցիները մենակ են մնացել. Վահագն Վարագյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԲոլորդ ականատես եք եղել թե երեկ Ամուլսարում ինչ տեղի ունեցավ, Ամուլսարի խնդիրը խիստ բնապահպանական է, և այս տարիների ընթացքում մենք պետք է ականատես լինեինք բնապահպան-գիտնականների, բնապահպանների և հասարակության այն զանգավծի հետ երկխոսության, քննարկման փուլերին, որ հօգուտ մեր երկրի, մեր բնակչության որոշում լիներ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Վահագն Վարագյանը:

«Սակայն մենք անցած երկու-երեք տարիների ընթացքում ականատես եղանք նրան, որ Ամուլսարի հարցը խիստ քաղաքականացվեց, ինչի արդյունքում այս հարցից դիվիդենտներ շահելու արդյունքում ձևավորվեց այսօրվա գոյություն ունեցող իշխանական էլիտան: Այնպիսի տպավորություն էր, որ այս իշխանությունը պետք է վերջնականապես լուծում տար Ամուլսարի այս թնջուկին, քանի որ խնդրի լուծումը պետք է բխեր մարդկանց, տեղացիների շահերից ելնելով: Այնինչ մենք ականատես եղանք նրան, որ տեղացիները մենակ են մնացել, և իշխանությունները որևէ որոշում չեն կայացնում: Ջերմուկցիների մոտ ձևավորվել է արդարացի սպասելիք, որ ի վերջո պատկան մարմիններն արձագանքեն և ասեն՝ ինչպես են պատկերացնում Ամուլսարի խնդրի լուծումը»,- նշեց նա:

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն, Վարագյանն ասաց. «Մենք Ամուլսարում Ռաֆայել Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ջերմուկցիների կազմակերպած խաղաղ ավտոերթին, այնուհետև զարմանալիորեն մեզ ուղղորդված բերման ենթարկեցին: Ինձ համար զարմանալի էր, կողքից կանգնած ուղղակի քաղաքացիների նման հետևում էինք գործընթացին, հատկապես զարմանալի էր Ռաֆայելի պարագայում նման կերպով բռնի ուժով բերման ենթարկելը: Այս ամենը և՛ մեր կազմակերպության անդամներին, և մեզնից որևէ մեկին որևէ ձևով չի ընկճել: Մենք շարունակելու ենք աջակցել և՛ ջերմուկցիներին, և՛ ընդհանրապես Հայաստանում այն բնապահպանական խնդիրներին, որոնք առաջանում են և կան: Մենք մասնագիտական աջակցություն ենք ցույց տալու»:

Վահագն Վարագյանը հավելեց, որ երբ իրենք Վայքի ոստիկանությունում էին, և ընթերականներին էին հրավիրել, որպեսզի նրանց ներկայությամբ խուզարկեն իրենց, ընթերականներից տարեց մի մարդ ասել է, որ հետևում է իրենց գործունեությանը, աջակցում է իրենց, ինչը իրենց համար ոգևորիչ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում