Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին

Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ։

Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Վանեցյանն իր ցավակցություններն է հայտնել նախորդ օրը Բեյրութում տեղի ունեցած աղետաբեր պայթյունի հետևանքով մարդկային անդառնալի կորուստների, վիրավորումների կապակցությամբ, ինչպես նաև հետաքրքրվել մեր հայրենակիցների ու հայկական կազմակերպությունների կրած նյութական վնասներով։

Արթուր Վանեցյանն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը և վստահություն հայտնել, որ հայ համայնքն իր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ միասնաբար հնարավորինս արագ կվերադառնա անվտանգ և ապահով կյանքի հուն։

Արթուր Վանեցյանն այսօր նաև ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Մայա Դաղերին։

Խորին ցավակցություն հայտնելով Բեյրութում պայթյունի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ՝ նա իր մխիթարության խոսքն է ուղղել զոհերի սգակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել մի քանի հազար վիրավորներին։

Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 100 մարդ, վնասվածքներ ստացել ավելի քան 4 հազար մարդ։ Զոհվածների թվում զգությամբ 6 հայ կա։

Պայթյունը պատճառ է դարձել մեծ ավերածությունների, նյութական կորուստների, դրան հաջորդած ուժեղ հոսանքը հետևանքով վնասվել են շենքերի պատուհանները, փլուզվել պատշգամբները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում