Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն
Նմանատիպ
***
Մի ցավ
Ճմլեց
Հոգիս կարմիր`
Սառնությունից արձանի:
Եվ փնտրեցի մի տաք մարմին,
Որ այդ ցավը կործանի:
***
Ծառերը թող միշտ շոգը արածեն:
Թող ստվերներից հովը բարձրանա:-
Ես քո համբույրը պիտի տարածեմ,
Որ ամեն շրթունք հեռվում քաղցրանա:
– Ինձ չնախատեն թող կին ու աղջիկ,-
Թե գետ է, պիտի նաև ոլորվի:
– Հազա՜ր բարևներ ապրող ու ողջին,
Եվ իմ անցյալին` հազա՜ր ողորմի:
***
Լուսաբացի դուռն անճռինչ թող բացվի’,
Թռչունները թող երկինքը զարդարե’ն,
Ծաղիկները պահանու՜յշ են նրբաչվի
Եվ իմ դեմքը թող բույրերով հարդարեն:
Վայրկյանների ճակտներին հեթանոս
Ես հալվել եմ` որպես տենչանք նոր մեղքի:
Արփին շուտով ծով կբացի գետնահոս,
Եվ ուր որ է ձեռքս կուրծքս կճեղքի:
Իմ մարմնին մեղքի հետքեր կան այնքան,
Որոնք հիմա արքայորեն գեղեցիկ
Բարաբռում են ճորտությունս տիրական,
Որ չունեին անգամ մեղսոտ գաղիացիք:
Ես չեմ կարող սերը սուզել Հառաչում,
Ինչպես խաչյալ այն Հիսուսը պատվիրեց:
Թող որ Լոտոսն իր բուրումն է տարածում,
Ես ելնում եմ դեպի Բոցը քաղցր ու մեծ:-
Լուսաբացի դուռն անաղմուկ թող բացվի,
Թռչունները թող երկինքը հարդարեն:
Ծաղիկները` պահանույշներ նրբաչվի,
Թող իմ մեղսոտ արթնացումը զարդարեն:
***
Առ նոր Շամիրամ
Իմ տարիքի շրջանակից ելած դուրս`
Հրճվում էի այգու մեջ քո կախովի:-
Հրաշք էին խնձոր ու նուռ, դեղձ ու թուզ,
Անուշ էի ողկույզները խաղողի….
Երբ համբույրս վառվում էր քո շուրթերին,
Բարձրանում էր ածխիդ ծուխը լսելի:
Խնկարկվում էր քո մրմունջը լուրթերին`
Շուլալվելով տաք թևերին լույսերի:
Կրծքակալդ առագաստն էր մեր նավի,
Որ քշվում էր մեր հաճույքի հողմով տաք:
Ամպն ուզում էր մեր գործերին խառնվի,
Բայց թե նրան հսկում էր մ հովատակ…
Ու վերջապես երբ խարիսխը նետեցինք,
Դադար առավ մեր նավակը բացատում,
Ուր զեփյուռը, որպես թեթև նետաձիգ,
Ծղրիդներին մեր արածն էր բացատրում:
Եվ հիշում են ծղրիդները մինչ հիմա
Եվ պատմում են (ա՜խ, ոչ առանց հմայքի),
Ինչպե՜ս իրենց հյուրեր եղան բարձրագահ
Այր մի գժված և կախովի մի Այգի…
Հաճույքի թռչուն
Հաճույքի՜ թռչուն,
Երգի’ր ինձ համար.
(Փեսայանում եմ քո անվանը ես):
Ուշ ու մութ չկա, կա միայն ամառ,
Եվ ձախլիկ մտքից ինձ պիտի փրկես:
Ես հանդիպեցի այսօր մի սիրո,
Բայց նա մոռացավ ինքնագիրը տալ,
Հիմա դու երգիր այն երգը Զերո,
Որից իմ հոգին կարող է ժպտալ:-
Երգիր, թե ինչե՜ր կհասնեին ինձ,
Եթե ամեն սեր տալիքը հիշեր,-
Իբր թե` մեղր կիջներ երկնքից.
Եվ չէր ստեղծվի էլ դատարկ գիշեր:
Երգիր քո զերո երգը անթախիծ,
Իսկ ես նրանով թվեր կներկեմ.
Ես այն կըերգեմ տխրության ձախից
Եվ ուրախության աջից կըերգեմ:
Կըերգեմ, իբր, Աստված ինձ հիշել
Եվ կատակել է Եդեմն անամա:
Սակայն ի՞նչ է սա` գալիքից հուշե՞ր,-
Ավա՜ղ, երկնքին նայիր դու հիմա:-
Գիշերն ընկնում է ամառվա ճյուղից,
Իսկ մեջս ինչ-որ ծաղիկ է շրջում:-
Նրան անուն եմ փնտրում… երկյուղից,-
Երգի’ր ինձ համար, հաճույքի՜ թռչուն:
***
Դու մի վախենա, թե քեզ հմայող
Կրակս տան մեջ հրդեհ կստեղծի:-
Կրակն անտառ է մոխրացնում, այո’,
Բայց եկեղեցում մոմ է նա խղճի:
Աղավնապահ եմ` թիկնոցս կանաչ,
Հոգիս ամբար է կուտ ու նշխարի:-
Մի աղավնով էլ, եթե ցանանաս,
Լուսվորվում է օրը աշխարհի:
Ամենուր տրվող հարց եմ ես բուրիչ,
Գնում եմ գտնեմ պատասխան արթուն:
Թե չգամ, ասա` Աստղից թր ուրիշ
Ու վերադարձավ հարազատ Հոր տուն:
Եվ ինչ հարկ է, որ մարդիկ հողանիստ
Անձս ճանաճեն դեմքիս երակով,
Ծառի տեսակը ճանաչվում է միշտ
Նաև փայտերի ծնած կրակով…
Եվ մի’ հարցնի, թե ինձնից հետո
Ո՞վ պիտի սրտի լավ երգեր հինի.
Քանի անձրևը իջնում է օդով,
Այնտեղ ծիածան միշտ էլ կլինի:
Հիմա գրկիր ինձ: Սերն էլ երգի պես
Անմահություն է տանում հիրավի:
Նրա պարտեզում սպասում են մեզ,-
Մի՞թե մահին ես արդեն ծարավի…
***
Խաղամոլի պես տրվեցի գալուդ`
Հուսալով, թե բաց դրախտ կշահեմ:
Դու ծպիտներով ինձ կաշառեցիր,
Որ ես… գանձերս անգամ չպահեմ:
Այդպես կորցրի ինչքս ամենայն,
Եվ ամիսն արդեն մաղ է մ ցանցկեն:
Հիմա ես չունեմ թաշկինակ անգամ,
Որ աղետյալիս… ամոթը ծածկեմ:
Ես մերկ եմ լրիվ, ամոթս վկա:
Եվ գուցե ինձ էլ խաում դնեի,
Եթե ես իմը լինեի մի պահ,-
Եթե մահի՜նը ես չլինեի:
Բայց ի՜նչ իմանաս. խաղի մեջ եմ դեռ,
Եվ հույս կա, թե դեռ մի բան կշահեմ:-
Դու ինձ այնպե՜ս եսկաշառում հիմա,
Որ ես… մարմի՜նս անգամ չպահեմ:
Ընդդեմ մայիսի
Ամիսն այլ բան է շշնջում ունկիս,
Բայց համաձայն չէ ճամփան այդ հարցում:
Հիմա քո խիղճը հպիր ակունքիս
Եվ լսիր` ինչ եմ քեզանից հայցում.
Թող որ տեսարժան չլինի իսկի
Մեր բաժանումը` այնք՜ն պետքական:
Ներումը նրան միշտ էլ կհսկի,
Իսկ Ծղրիդները հետո պետք է գան:-
Ավա՜ղ… Չեմ սիրում կանգառ ու քաոս,
Այլ միայն ճամփա` դրված աղեղին:
Եթե չի լինում սերն արագահոս,
Նինջ է փռվում իմ հոգնած ուղեղին:
(Գիտե՞ս ) ինձ հաճախ այնպես է թվում,
Որ չկաս անգամ, ուր մնաց` սիրես…
Եվ թաքնվում եմ օրվա ետևում,
Որ քո Հայելով ինձ չչարչարես:
Երդվում եմ ճամփով, ի՞նչ սեր է դա որ,-
Հոգու ոտք լիզող թևահար շնիկ:
Գեթ մի օր չեղավ նա տաղանդավոր
Եվ չի ունենա երբեք վառ ժանիք:
Այդպես չեմ կարող սիրել ես, օ՜, ո’չ.
Սրտախառնուք եմ ունենում դեղին:
(Երազիս մեջ էլ հաճախ մի սև օձ
Կրծքիս է թափում իր կանաչ լեղին):
Այո՜… Մի՜ տխրիր: Անթիվ տարեկան
Այս երկնագունդը դժվար թե կորչի:
Մեր բաժանումը շատ է իրական,
Բայց հանդիպումը չի եղել, օ՜, չի՜…
Հիմա ես էլ եմ ափսոսում, ավա՜ղ,
Բայց դա չի դառնում ոչ մի արժանիք:
– Միշտ բարո՜վ մնաս, իմ Հոսու՜ն ավազ.
Միշտ բարո՜վ մնաս, Անատա՜մ շնիկ…
***
Ծաղկաթերթերը ընկել են վաղուց զգեստների պես`
Լույսին պարզելով մերկ ստինքները մանկասեր ծառի:
Սե՜ր իմ, շուտ եկար, բայց աղաչում եմ` արդեն չշտապես,
Թող հագնվելդ հորովելի պես մի քիչ երկարի:
Ես կախաղանն եմ սիրում ի ծնե քնքուշ հիացքի,-
Տաք թուլությունը թող երկարորեն բռնանա վրաս:
Գեղեցկությունդ երկնային դեղ է սրտի ու աչքի,-
Ա՜խ, գոնե այսօր թող ուշ այցելի հուշը դեռահաս…
Սե՜ր իմ, դու գիտես, որ ոչինչ այստեղ չի մնում կիսատ,-
Ժամը չի կանգնի, թեկուզ մանյակով թևերը կապես:
Նվաճված երկինքն, ինչքան էլ մոտիկ, անորոշ է շատ,
Քանզի չգիտես` դու գրավել ես նրան իսկապես…
Մեր ամենամեծ տառապյալն էլի Սերն է վշտափեշ,
Ինչի՜ ձև ու համ նա չի ընդունել բյուր ու մի տարի:
Սե՜ր իմ, դու կերթաս, բայց աղերսու՜մ եմ` հիմա չշտապես.
Թող հագնվելդ պատարագի պես մի քիչ երկարի…
***
Մայրամուտը` վերք ու մորմոք, իջավ հոգուս,
Չունեմ ոչ ոք` խղճա թեկուզ,- համբո՜ւյր տուր ինձ:
Լուսինն էլի կեռ է գլխիս, ա՜խ, թող անկցի՜,-
Բոցը մոխրիս թող չհանգչի, համբու՜յր տուր ինձ:
Հոգնել եմ ես ծուխ ու մոխրում այս աշխարհի,
Շատ եմ փխրուն,- մի խշմարի՜ համբույր տուր ինձ:
Թող մորմոքս դառնա նեցուկ քո մորմոքին,-
Շատ է լեցուն և քո հոգին,- համբո՜ւյր տուր ինձ:
Քեզ եմ տալս փառքս` գա՜հս, որ չեմ տիրել,-
Քանի մահս չի համբուրել, համբո՜ւյր տուր ինձ…
Աղբյուր՝ Granish.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում