ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան

ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է կորոնավիրուսային համավարակի ընթացքում զինված ուժերում իրականացվող հատուկ միջոցառումներին, ինչպես նաև դրանց առաջացրած խնդիրներին:

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Ելնելով այդ հանգամանքից՝ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։

Զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման տեսանկյունից այս քայլը, իհարկե, անսպասելի չէր։

Անկախ այն հանգամանքից, որ նոր կորոնավիրուսի վարակման դեպքերը Հայաստանում նվազման միտում են դրսևորում, իսկ Արցախում ի սկզբանե դրանք լայն տարածում չեն ունեցել, այնուամենայնիվ, զինված ուժերը, իրենց ծառայության և գործունեության բնույթից ելնելով, պետք է կրկնակի, եռակի ապահովագրել վարակի տարածումից։

Կորոնավիրուսի հետևանքով զինված ուժերում իրականացվող հատուկ միջոցառումները որոշակի խնդիրներ են ստեղծել պարտադիր ժամկետային զինծառայողների տեսակցությունների, արձակուրդների, արձակումների հետ կապված, սակայն պետք է գիտակցել, որ սա բխում է մեր զինված ուժերի և հենց այդ զինծառայողների անվտանգությունից։

Եթե նույնիսկ մեկ ամիս հետո Հայաստանում արտակարգ դրությունը չերկարաձգվի, ապա այդ դեպքում ևս, որոշակի ժամանակ անհրաժեշտ է զինծառայողների՝ հատուկ ռեժիմով ծառայությունը շարունակել, որովհետև ցանկացած անզգուշություն, զգոնության թուլացում կարող է վարակի նոր բռնկման բերել, իսկ դրանց տարածվելիությունը զինված ուժերում ուղիղ առնչություն ունի մարտունակության հետ կապված հարցերին։

Առանձին դեպքերը, վարակի ներթափանցման դեպքերը մինչ այս պահը զինված ուժերում օպերատիվ հակազդեցության են արժանացել՝ դրանց տարածումը արագ կանխվել է, իսկ փոքր օջախները ժամանակին մարվել են։ Սակայն կրկնում եմ՝ զինված ուժերում հատուկ միջոցառումների իրականացումը ենթադրում է ժամանակային որոշակի ընթացք և այս հարցում շտապողականությունը որևէ ձևով չի նպաստում ընդհանուր խնդիրների կատարմանը։

Բարեբախտաբար Հայաստանում և Արցախում զինծառայողների ծնողները, որքան էլ մեծ ցանկություն ունեն տեսակցության գնալու կամ արձակուրդում տեսնելու իրենց ընտանիքի անդամներին, այնուամենայնիվ, գիտակցաբար են մոտենում Պաշտպանության նախարարության հատուկ միջոցառումներին։

Մեկ այլ խնդիր է սպայական կազմի, պայմանագրայինների արձակուրդների կազմակերպումը, ինչը նույնիսկ առօրյայում խնդիրներ է պարունակում և կախված զինծառայողների վարքագծային դրսևորումներից՝ այդ ռիսկերը կարող են աճել կամ նվազել։

Պաշտպանության նախարարությունը, Կառավարությունը բացի կանխարգելիչ միջոցառումներից, այս ժամանակահատվածում կարող են քննարկել նաև զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների հանգստի կազմակերպման տարբեր մոդելներ։

Խնդիրն այստեղ, այսպես ասեմ, փոխհատուցման հարցը չէ, խնդիրը նրանում է, որ զինծառայողների հանգստի կազմակերպումը բխում է մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների տրամաբանությունից, և այս իրավիճակում ՊՆ-ն պետք է նոր՝ ժամանակավոր լուծումներ գտնի՝ ապահովի զինծառայողների հանգիստը։

Հատկապես այս փուլում, երբ արտաքին սահմանները փակ են և հանգստյան տները, հյուրանոցները խիստ վերապահումներով են աշխատում, կարելի է առանձին բնակավայրերում՝ Ջերմուկում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Հանքավանում (այս համայնքները պայմանական են) զինծառայողների և նրանց ընտանիքների հանգստի կազմակերպման գոտի սահմանել, այնտեղ ապահովել հակահամաճարակային հատուկ ռեժիմ և նրանց ապահովել հանգստով։

Կրկնում եմ՝ սա ոչ միայն բարի կամք է կամ զինծառայողների նկատմամբ հարգանքի դրսևորում, հանգստի ապահովումն ուղիղ կապ ունի զորքերի մարտունակության բարձրացման հետ։ Բնականաբար, նշածս օրինակը դեռևս քննարկումների մեծ տեղ ունի, սակայն այս տրամաբանության մեջ այլ մոդելներ կարելի է քննարկել, որով զինծառայողների և նրանց ընտանիքների հանգստի ապահովումից բացի նաև կարևոր տնտեսական հարցեր լուծել, որոշակի լուծումներ տալ տարբեր ոլորտային խնդիրներին։

Պետք է նաև արձանագրել, որ մեր զինված ուժերը նոր կորոնավիրուսի առաջին պայմանական փուլը պատվով հաղթահարել են, և առ այս պահն իրականացված կանխարգելիչ միջոցառումները արդյունավետ են եղել, սակայն համաճարակի առումով աշխարհում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ դեռ վաղ է թուլանալ կամ մեղմացնել իրականացվող միջոցառումների բնույթը, որովհետև վարակի նոր բռնկումներից, զանգվածային տարածումից դեռևս ապահովված չենք, իսկ մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրադրությունը մեզ ստիպում է, որպեսզի ցանկացած հարցում լինենք խիստ հաշվենկատ և հավասարակշռված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում