Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան

Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից։

Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի 2020թ. հուլիսի 28-ի դիմումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղակացվել է, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրել էինք կատարել ուսումնասիրություն՝ պարզելու համար արդյոք առողջապահության նախարարության եւ «Միբս» ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա է շահերի բախում։

Ըստ աղբյուրի՝ Առողջապահության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը «Միբս» ընկերության հետ կնքել են ընդհանուր առմամբ 176 միլիոն դրամի պայմանագիր։ Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են մեկ անձից գնումներ ընթացակարգով, մեկը՝ գնում չհանդիսացող ծախսեր ընթացակարգով, իսկ մեկի ընթացակարգը նշված է «ԵՄ», որը գնումների կայքի մեթոդաբանության մեջ չի բացատրվում։

Երևանի քաղաքապետարանի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են գնանշման հարցում ընթացակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը գնանշման հարցում է արել տարբեր ընկերությունների և ընտրել «Միբս» ՍՊԸ-ն։

Կնքված պայմանագրերում «Միբս» ընկերության կողմից որպես կողմ է ներկայացել և պայմանագրերը ստորագրել Վարդանուշ Թևանյանը։

Վարույթ հարուցելու որոշման մեջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեջբերել է «Հանրային ծառայության մասին» օրենքից երկու կետ.

«Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։

«Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։ Նրա նշանակումից հետո «Միբս» ընկերության հետ նախարարությունը կնքել է 5 պայմանագիր՝ ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման երկու պայմանագրեր «Միբս» ընկերության հետ էլ կնքվել է մինչեւ Թորոսյանի նախարար նշանակվելը։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Միբս» ընկերության առաջին տնօրենը եղել է հենց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ու կինը պարբերաբար միմյանց են հանձնել տնօրենի պաշտոնը։ Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թեւանյանը (2016/01/20-2017/01/10), այնուհետեւ կրկին Թորոսյանն է դարձել ընկերութան տնօրեն (2017/01/10-2018/05/29)։

Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս)։

«Միայն նրա համար, որ ես եմ այս պահին տնօրեն, իսկ պարոն Թորոսյանը նախարար, ճիշտ չէ ասել, որ այդտեղ կա շահերի բախում, որովհետեւ կազմակերպությունն արդեն իններորդ տարին աշխատում է եւ տարվա մեջ մոտ 15 000 պացիենտ է ընդունում»,- datahetq.am-ի հետ զրույցում նշեց Վարդանուշ Թեւանյանը։

«Միբս» ՍՊԸ-ն, բացի առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային եւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում