Վստահություն

Վստահություն

Վստահությունն իրագործվում է սիրով: Ինչպես վստահելը, այնպես էլ վստահության արժանանալը ենթադրում է պատասխանատվություն, քանզի մենք պետք է ըստ արժանվույնս գնահատենք բոլոր նրանց, ովքեր մեզ անկեղծորեն սիրում և վստահում են:

Այս ամենն անմիջականորեն կապված է նաև հոգևոր պատասխանատվության և հարազատ հոգի գտնելու հանգամանքի հետ, ինչի արդյունքում մարդիկ սովորում են միմյանց ներկայությանը և հարաբերվում ոչ թե սովորույթի ուժով, այլ սիրով ու պատասխանատվությամբ: Այս պարագայում տեղին է հիշել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակից մի հատված․ «Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացրել ենք»:

Ինչպես մարդկային փոխհարաբերություններում, այնպես էլ մարդ և Աստված փոխհարաբերության մեջ վստահությունը հանդիսանում է ամենակարևոր պայմանը։ Վստահություն, որ նշանակում է ապահովություն, սեր և ամենակարևորը՝ անկեղծություն, քանզի երբ իրապես վստահում ես Աստծուն, դադարում ես վախենալ կամ ամաչել, փոխարենը վայելում ես աստվածային անսահման սերն ու ապահովությունը և այսկերպ ձգտում մաքրագործման:

Մյուս կողմից, որքան էլ ցանկալի ու հաճելի լինի վստահությունը մարդկային փոխհարաբերություններում, այդուհանդերձ այն նաև ռիսկ է. մի օր կարող ես հիասթափվել: Իսկ մարդ և Աստված հարաբերության մեջ վստահությունը անխախտ է, հաստատուն և հավերժական, քանի որ Աստված չի ստում, անփոփոխ ու կատարյալ սեր է: Հետևաբար, ընդգծելով մարդկային փոխհարաբերություններում վստահության կարևորությունը՝ այդուհանդերձ մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին պետք է ձգտի հաստատուն և անխախտ պահել մարդու և Աստծո միջև եղած վստահությունը, որն իր հերթին իմաստավորում է մարդ-մարդ վստահութունը:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում