ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին

ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ խնդիրներ ենք ձևակերպելու այս փուլում: Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,– նշել է Տիգրան Ավինյանը:

Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:

Այնուհետև քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում