Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան

Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱյսօր համայնքապետարանի իր գործառույթն է իրականացնում, բեռնատարը եկել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության վագոն-տնակները տեղափոխի, սպասում ենք վերամբարձ կռունկը գա, որ համայնքապետարանն օրինական ձևով տարածքից հանի այդ գույքը, որը այստեղ չպետք է լինի. այս մասին Ամուլսարում ընթացող ակցիայի ժամանակ նշեց Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ամուլսարի տարածքում ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցները պահանջում են ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչել, Կառավարությունը խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնի, իրենց վագոն–տնակը մնա նույն տեղում, և «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները հեռանան հանքի տարածքից:

Լրագրողի դիտարկմանը, թե պահնորդների թիվը շատացել է, ի՞նչ է կարծում` արդյոք հնարավո՞ր է, որ կրկին բախումներ լինեն, Շիրակ Բունիաթյանը նշեց, որ իրենց համար նրանց աշխատելաոճն անհասկանալի է.

«Առաջին օրը, երբ Ջերմուկ տանող ճանապարհին եկել էին «Կալաշնիկովը» ուսներին, հարցնում էինք` ով եք, ասում էին` մենք ոստիկանությանը կից զորքերից ենք, այսինքն` իրենց չեն տեղեկացրել իրենց պարտականությունների մասին, չեմ կարող կանխատեսել իրենց վարքագիծը»:

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի ֆեյսբուքյան հայտարարությանը, որ իրենց գործողությունները համապատասխանում են օրենքի պահանջներին, Շիրակ Բունիաթյանը նշեց.

«Համայնքապետարանը չի կարող ապօրինի գործողություն իրականացնել, իսկ եթե ինչ- որ հարց վիճելի է, «Լիդիանի» և համայնքապետարանի իրավաբանները պետք է քննարկեն: Երեկ համայնքապետը հայտարարեց, որ վաղը օրենքի սահմաններում վագոն-տնակները պետք է դուրս գան: Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել: Այս պահին կարևոր չէ` 30 մետր կլինի տեղափոխումը, թե 15, սպասում ենք տեղադրմանը, որից հետո նոր օրենք առաջ կքաշեմ, որը հաստատ փակուղի կմտցնի այդ վագոն-տնակներն այդտեղ տեղադրելու հանգամանքը»,- նշեց բնապահպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում