Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ)

Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԻշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման, և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսել են շատ վաղուց՝ այն պահից, երբ քաղաքական իշխանությունը իր երկու՝ գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ՝ դատական ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություններ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշմանը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքին:

Հիշեցնենք՝ նշված կուսակցությունները հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազություն էին դիմել՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում և պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Ներկայացնելով ՍԴ-ին առնչվող իշխանության գործողությունները՝ Բաբայանը նկատեց, որ նախ քրեական գործեր հարուցվեցին սահմանադրական դատարանի նախագահի, հետո՝ նրա մերձավոր շրջանակի նկատմամբ, իրականացվեցին խուզարկություններ, ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին հրավիրեցին ԱԱԾ: «Ըստ էության, իրավապահ բոլոր մարմինները ակտիվորեն լծված էին հենց այս գործին, որ կարողանան ՍԴ-ում ունենալ մեծամասնություն, որ կարողանան հետագայում իրենց գործողություններն իրականացնել»,-ասաց նա:

Բաբայանն ընդգծեց՝ պետական մարմինները կարող են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:

«ՀՔԾ քննիչը նշում է, թե եթե ԱԺ-ում քվեարկությունը բացասական է, ապա չկա սահմանված, թե ինչ պետք է անի ԱԺ-ն: ՀՔԾ-ն, իրեն դնելով ՍԴ-ի տեղը, կարծում է, որ ԱԺ-ն ճիշտ է արել, քանի որ եթե օրենքով սահմանված չէ, ապա ԱԺ-ն կարող էր սահմանադրական փոփոխությունների նախագիծն առանց ՍԴ ուղարկելու քվեարկել և երկու ընթերցմամբ անցկացնել: Մեր պետությունում իրավական համակարգի, իրավունքի, իրավաբանության ջախջախումն այս իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում, և ՀՔԾ-ն էլ, իմ համոզմամբ, մասնակից է այս ամբողջ հանցագործությունների շղթային»,-հայտարարեց Արսեն Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում