Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան

Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Տպավորությունս այն է, որ մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ամուլսարում տեղի ունեցող բողոքի ակցիային, որը մեկնարկել էր չորս օր առաջ, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:

«Այդուհանդերձ մարդիկ որոշակիություն են պահանջում և պահանջում են, որ եթե ամեն դեպքում հանքը շահագործելու վերաբերյալ որոշում է եղել, ապա հայտարարվի այդ մասին, և մարդիկ էլ կիմանան իրենց անելիքները: Ես առհասարակ կարծում եմ, որ իշխանությունները որոշում կայացնելու խնդիր ունեն, և սա դրա դրսևորումն է, ցանկացած կառավարում նշանակում է որոշում կայացնելու ունակություն: Որևէ մեկը ստուգե՞լ է, թե այս մարդիկ ունեն այդպիսի ունակություն, թե միշտ կայացնում են հետաձգելու որոշում»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ լուծում կարելի է սպասել: «Մի բան կարող եմ ասել, որ ջերմուկցիները տրամադրված են հաստատակամ, իսկ իշխանությունները կարծես թե չեն դրսևորում որոշում կայացնելու ունակություն: Ամեն դեպքում չեմ կարծում, որ երկար կարող է ձգվել այս վիճակը»,-ասաց նա և նշեց, որ պետք է սպասել և տեսնել, թե արդյոք կլինի՞ լարվածության թուլացում:

«Եթե որոշում կայացվի գործարկել հանքը, ապա կարծում եմ, որ լուրջ ընդվզում կարող է լինել, մյուս կողմից` եթե որոշում կայացվի չգործարկել, որոշակի տնտեսական հետևանքներ կարող են առաջանալ»,- ասաց նա և նշեց, որ այս լարման պատճառն այն է, որ երկու տարի է` հարցը չի լուծվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում