Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը

Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում նախագահները քննարկել են Բելառուսում ՌԴ 33 քաղաքացիների ձերբակալության հարցը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Վստահություն է հայտնվել, որ ստեղծված իրավիճակը կլուծվի երկու երկրների համագործակցությանը բնորոշ փոխըմբռնման ոգով»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Կրեմլում ավելացրել են նաև, որ Մոսկվան շահագրգռված է Բելառուսում կայուն ներքաղաքական իրավիճակի պահպանմամբ և հանգիստ մթնոլորտում նախագահական ընտրությունների անցկացմամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:

Զինյալները, սակայն, հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց վերջնակետը ոչ թե Մինսկն է եղել, այլ Մինսկից Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներից մեկում հայտնվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում