Եղիշե Չարենց․ Մայրամուտներ
Նմանատիպ
Մայրամուտի շռայլ հորիզոնից դարձյալ`
Ոսկեզրահ, արծաթ սանձահանգույց ձեռքին`
Հուր նժույգներ վարող արևադեմ մի կին
Քառատրոփ թռչում է շառաչուն ու պայծառ:
Ոսկեքանդակ կառքին ցոլք ու ցնորք բարձած,
Ոսկելեռներ փառքի, երազների, երգի,
Հրաժեշտի ժպիտն արևային դեմքին`
Իրիկնացող երկրից հեռանում է անդարձ:
Արդյոք կրկի՞ն` բարձած իր հաղթական կառքին
Խնդությունը կյանքի, երազի պես,-
Հրաժեշտի թախծոտ ցնծությունը դեմքին-
Հեռանում է կյանքից քո Նավզիկեն…
Քանի անգամ այսպես, սիրտ իմ, թողնելով քեզ
Մայրամուտի թախիծ` երազի պես-
Ինչ-որ տալու էր քեզ- իր Ուլիսին տալով-
Շառաչելով թռչի քո Նավզիկեն…
… Արդեն իջնում է նա հորիզոնի ծիրից,
Ահա վերջին անգամ, երազի պես,-
Դեմքը շրջեց, ժպտաց հրապույրով վերին,
Եվ հեռացավ անդարձ- քո Նավզիկեն…
* * *
Իսկ դու նայում ես դեռ հորիզոնի ծիրին,-
Մի անգամ էլ գուցե երազի պես-
Դեմքը շրջի, ժպտա, մահանման գերի-
Եվ հեռանա անդարձ քո Նավզիկեն…
1936. 10. XII Երևան
Հետևեք մեզ նաև Telegram-ում