Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել

Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Այլ ազգերի այն ներկայացուցիչները, որոնք ուզում են գալ և Հայաստանում ապրել և կենթարկվեն ՀՀ-ում գործող օրենքներին, պայմաններին և մշակութային արժեքներին, բարի գալուստ իրենց: Բնականաբար, ես ոչ մի ազգի դեմ Հայաստանը, հայ ժողովուրդը ոչ մի խնդիր չի ունեցել, բայց այսօր մեր առաջնահերթ խնդիրը մեր հայրենակիցներին ՀՀ վերադարձնելն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի ներկայացուցիչ Ժիրայր Պեոճեքյանը՝ անդրադառնալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, որ պետք է ստեղծենք մի իրականություն, որ ապագայում Հայաստանը դարձնենք հայրենիք արաբների, ասորիների և այն ազգերի համար, որոնք վտանգ չեն ներկայացնում մեր ազգային անվտանգությանը:

«Մենք Հայաստանից դուրս 7 միլիոն հայ ունենք, որոնք ամեն օր ձուլվում են տարբեր ազգությունների հետ: Սա առաջնահերթ խնդիրն է: Այդ հարցը լուծելուց հետո կարելի է մտածել ուրիշ ազգերի մասին, բայց այնպես, ինչպես մենք մնացել ենք այլ երկրներում՝ որպես հյուր: Թող այլազգիները գան, ապրեն, աշխատեն, զարգանան այստեղ, բայց հայն այլ է: Սա ազգայնամոլություն չէ, պարզապես ամեն մի ժողովուրդ ունի իր բնօրրանը, հայրենիքը, և հենց այդ ազգն է, որ իր երկիրը պետք է զարգացնի ու զարգանա այդտեղ: Բարի գալուստ բոլոր ասորիներին, արաբներին, բայց իրենք մեր հյուրերն են, ոչ թե Հայաստանը իրենց հայրենիքը կարող է լինել»,-ասաց Պեոճեքյանը:

Նա նշեց, թե ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի դիտարկմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հենց գրասենյակային աշխատանքներից բացի՝ ոչինչ չի արել, մինչդեռ հայրենադարձությունը գրասենյակում նստած ուսումնասիրություն անելը չէ:

«Հայրենադարձություն կազմակերպելը նշանակում է հայրենիք վերադարձող ամեն մի հայի ամեն մի փոքր խնդրի լուծմանն օժանդակել՝ առողջապահությունից, երեխաներին դպրոց տեղավորելուց, բանկային խնդիրներից, աշխատանքի տեղավորելուց սկսած: Գրասենյակը մինչև հիմա հայրենադարձների խնդիրները լուծելուն ուղղված գրեթե ոչինչ չի արել: Աղմուկով հայտարարում են, որ 100 մասնագետ պետք է բերեն՝ Հայաստանում աշխատելու: Որպես շոշափելի ծրագիր՝ այդ մեկն ունենք»,-նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ 30 տարի ի վեր Հայաստանը հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ ոչ մի քայլ չի արել, ու գրասենյակից հիմնական ակնկալիքը այդ հայեցակարգի մշակումն է:

«Կարևոր չէ՝ կլինի սփյուռքի նախարարությու՞ն, թե՞ գրասենյակ: Անունները մեզ չեն հետաքրքրում, արդյունքն է պետք: Պետք է հայեցակարգ լինի, որ դրսից եկող մարդիկ իմանան՝ ինչ պայմաններ են լինելու, ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունեն: Մինչև հիմա միայն լսում ենք, որ պետք է մշակեն հայեցակարգ. ապառնիով են խոսում: Բայց թե այդ «պետք է»-ն երբ է, հստակ չէ: Այսօր էլ ունենք Լիբանանի օրինակը՝ ստեղծվել է իրավիճակ, երբ մեծ թվով մարդիկ ցանկություն ունեն Հայաստան տեղափոխվել, բայց օրինական իմաստով պետք է գան ու ընկնեն խառնաշփոթի մեջ»,-ասաց Ժիրայր Պեոճեքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում