Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Բեյրութի պայթյուններին Հայաստանի արձագանքը որևէ կերպ պատշաճ չէր թե՛ արագության, թե՛ որակի, թե՛ հասցեականության առումով: Արման Սաղաթելյանի «Անվտանգության գործոն» և Կարեն Բեքարյանի «Տողերի արանքում» հեղինակային հաղորդումների համատեղ եթերում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Զրուցակիցները հիշեցրել են, որ խոսքը բավականին բարդ իրավիճակում գտնվող բարեկամ երկրի և ժողովրդի մասին է, որի նկատմամբ կա երախտիքի զգացում Ցեղասպանության տարիներին մեր հայրենակիցներին տված ապաստանի, այս տարիների ընթացքում տեղի հայկական համայնքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար, և որի հետ ունենք բավականին ջերմ, բարեկամական միջպետական հարաբերություններ:

«Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության նստավայրը Լիբանանում է: Սրանով շատ բան է ասված՝ սկսած այն պահից, երբ կատարվել է այդ ընտրությունը, վերջացրած այս տարիների ընթացքում վերջինի գործունեությամբ», – նշել է Կարեն Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ պայթյունից հետո հնարավորինս արագ պետք է լիներ վարչապետի ցավակցությունը Լիբանան պետությանը՝ այդ թվում նաև հայտնելով պատրաստակամություն ամենակարճ ժամանակահատվածում ցուցաբերելու օգնության: Որպես նման արագ օգնության հնարավոր տարբերակ նշվել է Բեյրութ փրկարարներ ուղարկելը, մինչև մնացած հարցերում ավելի հասցեական օգնության հարցերի ճշտումը:

«Բայց մենք ունեցանք իրավիճակ, երբ առաջին զանգը և կապը Արամ Ա կաթողիկոսի հետ էր: Պե՞տք էր կաթողիկոսի հետ խոսել, իհարկե, բայց արդյոք առաջի՞նը», – նշել է Կարեն Բեքարյանը:

Բեյրութի պայթյուններին արձագանքը պետք է լիներ ոչ միայն օպերատիվ, այլ նաև տարբերակված՝ Լիբանան պետությունն ու ժողովրդին և մեր համայնքին: Այդ տրոհման ներքո, օրինակ սփյուռքի հանձնակատարը ժամերի տարբերությամբ պետք է լիներ տեղում պարզելու համայնքի խնդիրները, իսկ Լիբանան պետության կարիքները տեղում հասկանալու և գործողությունները համակարգելու համար հարկավոր էր նաև բարձրաստիճան պատվիրակության այց Լիբանան:

Կարեն Բեքարյանն ու Արման Սաղաթելյանն ուշադրություն են հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ պայթյունները տեղի են ունեցել տարածաշրջանային բավականին բարդ իրավիճակում: «Եռուն տարածաշրջան է, կոնֆլիկտները բազմաթիվ են, բավականին ագրեսիվ խաղացողներ կան տարածաշրջանում՝ ի դեմս Թուրքիայի», – նշել է Արման Սաղաթելյանը:

Այս համատեքստում հաղորդման ընթացքում ուշադրություն են հրավիրել Թուրքիայի կողմից Լիբանանում բավականին երկար ժամանակ կիրառվող փափուկ ուժի քաղաքականության վրա, որն ունի նաև վառ արտահայտված հակահայկականություն:

Այս ամենի, ինչպես նաև լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում կարևորվել է պետության կողմից արվող քայլերի ու գործողությունների լրջությունը, այնինչ ականատես ենք լինում Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման թուրքական սպառնալիքին իշխանության, մեղմ ասած, ծիծաղելի արձագանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում