Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան

Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Արտակարգ դրության պայմաններում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի աշխատանքից ազատմանը զուգահեռ պարզապես ուզում եմ հիշեցնել իշխանականների այն «վայնասունը», թե պատերազմական իրավիճակ է, և մենք իրենց քննադատում ենք: Թող նայեն իրենց այդ հայտարարությունը և հասկանան, որ պատերազմական իրավիճակում գնդի հրամանատար չեն փոխում:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը` խոսելով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալու մասին:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել էր, թե հարցը պայմանավորված է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթացով։

«Մհեր Դավիդյանցի պաշտոնից ազատումը շատ մեծ սխալ է, որովհետև նա հանդիսացել է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը և առաջնագծում պայքարը ստանձնել է նրա ղեկավարած բժշկական հաստատությունը: Ինչևէ, իր որոշումն է, որն իմ կարծիքով՝ բացարձակ արդարացված չէ»,– Գևորգ Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ այս որոշման հիմքերն առաջացել էին դեռ փետրվարից, երբ աշխատանքից ազատվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը, և ամբողջ բժշկական հանրությունը լուռ էր և կենտրոնի աշխատակիցների կողքին կանգնող չեղավ: Ըստ նրա՝ լավ է, որ հիմա, երբ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միացման ծրագիրն արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին, բժշկական հանրությունը տեղից շարժվում է, բայց պետք էր ավելի շուտ քայլեր սկսել:

«Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատվելն ինձ համար զարմանալի չէ: Կենտրոնները պետք է միանան, Արսեն Թորոսյանի հերթական ընկերներից մեկը պետք է պաշտոն ստանա և այս արտակարգ դրության պայմաններում Առողջապահության նախարարության կողմից անթույլատրելի այնքան բան է արվել, որ կարելի է չզարմանալ այս ամենի վրա, իրավիճակը բարձիթողի է և այն ինչ տեղի է ունենում այսօր, Արսեն Թորոսյանի գործունեության տրամաբանական շարունակությունն է, այսպես էլ պետք է լինել»,- դիտարկեց Գրիգորյանը:

Բժշկի խոսքով՝ Մհեր Դավիդյանցը, իր պաշտոնը ստանձնելով, արդեն իսկ գիտեր, թե ում հետ է աշխատելու, ինչ «առաջադրանքներ» են իր դեմ դրվելու: Ըստ նրա՝ բնական է, որ այս իշխանականներն ամեն կերպ փորձելու են իրենց պաշտոններում մնալ և այս գործողությունները դրա ապացույցն են:

«Արսեն Թորոսյանը փորձում է իրեն հնազանդ կադրերի առաջ բերել, որոնք իր հրահանգները կկատարեն, բժիշկներին լռեցնել կկարողանան, կկարողանան այնպիսի մարդկանցով համակարգը լցնել և ցույց տալ, թե սա է իր թիմը: Անկեղծ խոսենք՝ Արսեն Թորոսյանի թիմում մեկը դատվում է կոռուպցիայի հիմքով, մյուսի նկատմամբ դատական գործ կա այլ հիմքերով, այսինքն՝ մարդիկ ենք, որոնք անցյալ չունեն և ապագա էլ չեն ունենա: Ապրում են թիթեռի կյանքով՝ ինչքան, որ կգնա այս իշխանությունը, բայց այս ամենը փոխվելու է, չէ՞, և այս մարդիկ պետք է մի քիչ հեռատես լինեն և Մհեր Դավիդյանցի գրած հրաժարականի դիմումը հեռատեսության արդյունք է, նա չի համաձայնել իրեն առաջարկվող փոխտնօրենի պաշտոնին, քանի որ, որքանով ես եմ տեղյակ, ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է լինելու ԼԳԲՏ համայնքի պաշտպան ՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ»,- ներկայացրեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում