Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՉինաստանի ղեկավար Սի Ծինփինն օգոստոսի տասին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախօրեին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է belta.by-ը՝ նկատելով, որ Սի Ծինփինը Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորած առաջին համաշխարհային առաջնորդն է:

«Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Բելառուսն անպայման նոր, փայլուն հաջողություններ կունենա պետականաշինության գործում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները. գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին, բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում:

Միևնույն ժամանակ, դեռևս ընտրատեղամասերի փակվելուց առաջ իրավապահները սկսել էին հավաքվել հրապարակում, որը գտնվում է նախագահի նստավայրից ոչ հեռու: Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսել են ձերբակալել չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին: Իրավապահները հրապարակում լուսաձայնային նռնակներ են օգտագործել: Ի պատասխան դրան` ընդդիմությունը սկսել է հրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում